ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է կրկին հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, եթե դա անհրաժեշտ դառնա։ Այս մասին նա գրել է Truth Social հարթակում՝ արձագանքելով Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հայտարարությանը՝ հունիսին իրականացված ամերիկյան հարվածների հետևանքով հասցված լուրջ վնասների մասին։
«Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ Իրանի միջուկային օբյեկտների մասին․ “Վնասը շատ լուրջ է, դրանք ոչնչացված են”։ Իհարկե՝ այդպես է, ինչպես ես էի ասել և եթե հարկ լինի, մենք կրկին կանենք դա», – գրել է Թրամփը։
Նա նաև քննադատել է CNN-ին՝ տեղեկություններ տարածելու համար, ըստ որոնց՝ ԱՄՆ հարվածները ամբողջությամբ չեն վնասել Իրանի միջուկային ծրագիրը։ Նշենք, որ հունիսին ԱՄՆ-ը իրականացրել էր Operation Midnight Hammer ռազմական գործողությունը, որի ընթացքում B-2 ռազմավարական օդանավերը կիրառել էին 30,000 ֆունտանոց «բունկերային ռումբեր»՝ հարվածելով երեք հիմնական միջուկային օբյեկտների։
Fox News-ին տված հարցազրույցում Իրանի ԱԳ նախարար Արաղչին հաստատել է՝ օբյեկտները լուրջ վնասվել են․
«Մեր օբյեկտները վնասվել են, լրջորեն վնասվել…։ Քանի որ ինձ հայտնի է՝ դրանք լուրջ վնասներ են կրել», – ասել է նա։
Այնուամենայնիվ, Արաղչին ընդգծել է, որ Իրանը չի հրաժարվի ուրանի հարստացման ծրագրից՝ դա անվանելով ազգային հպարտության հարց։
«Մեր հարստացման ծրագիրն անչափ թանկ է մեզ համար։ Մենք չենք կարող հրաժարվել դրանից, քանի որ այն մեր գիտնականների ձեռքբերումն է, և հիմա՝ ավելին, այն դարձել է ազգային արժանապատվության հարց», – ասել է նախարարը։