Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 26–ի նիստում որոշեց Հայաստանի ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառել, նաև հաստատեց ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և հիմնական լիցենզիայի ձևը։
Այս որոշումը պայմանավորված է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու և տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2024–ի նոյեմբերի 28-ի որոշմամբ ժամանակավոր (6 ամիս ժամկետով) սահմանափակումներ են կիրառվել ցեմենտի ներմուծման վրա։
Իրականացված քայլերի արդյունքում որոշակի մեղմվել է տեղական շուկայում (երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի նկատմամբ) Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները։ Այնուամենայնիվ՝ 2024–ին Հայաստանում ցեմենտի արտադրության ցուցանիշը (1.05 մլն տոննա) նախորդ տարվա նկատմամբ նվազել է 7.3%-ով:
Հայաստանի ցեմենտ արտադրող ձեռնարկությունների արտադրական հզորությունները կազմում են շուրջ 2.5 մլն տոննա և գերազանցում են ցեմենտի ներքին շուկայի պահանջարկը (1.4-1.5 մլն տ.)։
Ըստ Վիճակագրական ծառայության տվյալների՝ աճել են երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի ծավալները. 2024 թվականին Հայաստան է ներմուծվել 436 հազ.տ. ցեմենտ (աճը 2023թ. նկատմամբ՝ 72%)։
Նշված պարագայում էլ ավելի է նվազել տեղական ցեմենտի մրցունակությունը, ինչի արդյունքում՝ վատթարացել է նաև տեղական ցեմենտ արտադրողների ֆինանսական վիճակը (ներկայումս Կառավարության քննարկման փուլում է գտնվում ցեմենտի ներմուծման գործունեության լիցենզիայի տրամադրման համար պետական տուրքի չափի բարձրացում նախատեսող օրինագիծը)։
Այսպիսով, ցեմենտի ներմուծման աճը փաստում է, որ առաջարկվող կարգավորումները չեն խոչընդոտում երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման գործընթացին, միաժամանակ ապահովում են ցեմենտի ներքին շուկայի պահանջարկը ի հաշիվ տեղական ցեմենտ արտադրող, ներմուծվող կլինկերից տեղում ցեմենտ արտադրող և երրորդ երկրներից ցեմենտ ներմուծող տնտեսավարողների միջև մրցակցության շնորհիվ։
Այս ամենը հաշվի առնելով կառավարությունը որոշել է շարունակել երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի լիցենզավորման գործընթացը և գործողության ժամկետն ավարտվելուց հետո՝ սահմանել ցեմենտի ներմուծման լիցենզավորման նոր վեցամսյա ժամկետ։