ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը կարող է օգնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու բանակցային գործընթացում: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը:
Fox News հեռուստաալիքի եթերում նրան խնդրել են պարզաբանել Թրամփի խոսքերն այն մասին, որ Մոսկվան կարող է օգտակար լինել Թեհրանի հետ բանակցային գործընթացում: «Ես չեմ ուզում բնութագրել կամ ենթադրություններ անել, թե դա ինչ է նշանակում։ Սա այն իրավիճակն է, երբ նախագահ [Թրամփը] ակնհայտորեն բաց է ամերիկյան ժողովրդի հետ և իր մտքերի մասին խոսում է այստեղ [Truth Social սոցիալական ցանցում], և ինչ-ինչ պատճառներով նա հավատում է, որ այս հարաբերությունների շրջանակներում դա հնարավոր է։ Մենք կտեսնենք, թե ինչպես կզարգանան դրանք։
Մենք հավատում ենք, որ նա (Թրամփը) կարող է հասնել իր նպատակին՝ մարդկանց հետ իր հարաբերությունների և բոլորի հետ խոսելու պատրաստակամության և իր զինանոցում առկա բոլոր գործիքներն օգտագործելու, Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ունեցած բոլոր մեխանիզմներն օգտագործելու շնորհիվ», — ասել է դիվանագետը։ «Նա (Թրամփը) կարծում է, որ Իրանը ձգձգում է մեր բանակցությունները նրանց հետ, և որ ժամանակը սպառվում է։ Կարծում եմ՝ նախագահ [Վլադիմիր] Պուտինը հստակ գիտի, թե որտեղ է կանգնած նախագահ Թրամփը, և դա կօգնի, կարծում եմ, Ուկրաինայի հարցում մեր հետագա քայլերի հարցում», — հավելել է նա։