Մեծ Բրիտանիան տասնապատիկ կավելացնի անօդաչու թռչող սարքերի մատակարարումները Ուկրաինա եւ մինչեւ 2026թ. ապրիլը կմատակարարի 100 հազար անօդաչու թռչող սարք, նշվել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հայտարարությունում: Անօդաչու թռչող սարքերի արտադրությունը մեծացնելու համար Լոնդոնը ռեկորդային 350 միլիոն ֆունտ սթեռլինգ (472 միլիոն դոլար) կներդնի բրիտանական պաշտպանական ընկերությունների կողմից դրանց արտադրության մեջ: Անօդաչու թռչող սարքերի ներդրումները կկատարվեն Լոնդոնի կողմից Կիեւին ռազմական աջակցության համար նախկինում հատկացված 4,5 միլիարդ ֆունտ սթեռլինգից։
Ռազմական գերատեսչությունը նշել է, որ Կիեւ անօդաչու թռչող սարքերի մատակարարման կտրուկ ավելացման ծրագրերը թելադրված են նրանով, որ Ուկրաինայի զինված ուժերը ցույց են տվել դրանց օգտագործման արդյունավետությունը մարտադաշտում։ Սպասվում է, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հունիսի 4-ին Բրյուսելում ՆԱՏՕ կենտրոնակայանում Ուկրաինային ռազմական օգնության հարցերով կոնտակտային խմբի նիստում կհայտարարի անօդաչու թռչող սարքերի մատակարարման տասնապատիկ ավելացման մասին։