Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հունիսի 2-ին այցելել էր Երևանի պետական համալսարան, որտեղ հանդիպել էր ուսանողների հետ։ Այսօր իր ֆեյսբուքյան էջում Փաշինյանը այդ հանդիպումից մի հատված է հրապարակել։
ԵՊՀ ուսանողներից մեկը՝ Հովհաննեսն եմ Շամրիկյանը, դիմելով վարչապետին ասել է. «Ի՞նչ եք կարծում, եթե կարողանայիք վերադառնալ 2018 թվական, իմանալով հանդերձ Հայաստանի Հանրապետության ներկայիս իրավիճակը, ձեր թույլ լեգիտիմությունը, Արցախի կորուստը, դաշնակիցների հետ վատ հարաբերությունները, կոնֆլիկտը Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ, արդյո՞ք նորից ձեռնամուխ կլինեիք 2018 թվականի հեղափոխությանը։ Եվ երկրորդ հարց, համաձայն չլինելով Արցախյան կոնֆլիկտի և Հայոց ցեղասպանության հետ կապված ձեր դիրքորոշմանը, նաև իրական Հայաստանի գաղափարին, հետաքրքրվում եմ, արդյո՞ք ուսանող Նիկոլ Փաշինյանը իր ուսանողական շրջանում ունեցել է նույն կարծիքը, որը նա ունի 2020 թվականի աղետից հետո»։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Եթե հիմա ունենայի այն կարծիքները, ինչ որ ունեցել եմ ուսանող շրջանում, դա կնշանակեր առնվազն, որ իմ աշխարհահայացքը և մտահորիզոնը չի զարգացել։ Դա կնշանակեր, որ ես մնացել եմ երրորդ կուրսում, չնայած ես մնացել եմ հինգերորդ կուրսում, իրականում ավարտել եմ հինգերորդ կուրսը, պետական քննությունները չեմ հանձնել, որովհետև հեռացվել եմ։
Դուք ուզում եք որ 2045 թվականին ճշգրիտ մտածեք այնպես և աշխարհը ընկալեք այնպես, ինչպես այսօ՞ր եք ընկալում։ Ձեր ընտրություն է, ձեր որոշում է, բայց առնվազն ես կխնդրեմ այդ դիտանկյունից մտածել»։
Անդրադառնալով «թույլ լեգիտիմությունը» արտահայտությանը, վարչապետը նշեց. «Ես սովորաբար իմ և կառավարության հասցեին ասված բաները այդպես շատ սուր չեմ հակազդում, ես փորձում եմ մտածել, բայց սա այն թեզն է, որը բացարձակապես չի կարող արդարացվել։ Ես չեմ կարծում, թե 1991 թվականից այս կողմ Հայաստանում եղել է ավելի լեգիտիմ իշխանություն։ Ընդ որում, 2021 թվականին մենք գնացինք արտահերթ ընտրությունների, որովհետև ես զգում էի, որ պատերազմից հետո այդ լեգիտիմությունը առնվազն հարցականի տակ է դրված, և ես չեմ կարող շարունակել լինել վարչապետ, եթե համոզված չլինեմ, որ ժողովուրդը դա թույլ է տալիս։ Հենց այդ լեգիտիմության խնդիրը լուծելու համար է, որ մենք գնացել ենք ընտրությունների։
Ընդ որում, 2018 թվականի ընտրությունները, երբ որ ամբողջ միջազգային հանրությունը գնահատեց որպես ժողովրդավարական սկզբունքներին համապատասխանող, էն ժամանակ էլ ես հասկանում էի, որ երբ մի ուժ 70% ձայն է ստանում և առաջին անգամ 1995 թվականից հետո մենք ստանում ենք ընտրություններ, որի արդյունքները չեն վիճարկվում, ընդդիմությունն էլ էր ասում, ասում էր՝ իշխանությունը կեղծելու անհրաժեշտություն չուներ էլ, ինչի՞ պիտի կեղծեր ընտրությունները։ Բայց 2021 թվականին շատ կարևոր էր, որ ըստ էության, մահվան սպառնալիքի ներքո էինք մենք այդ ընտրությունները անում, և շատ կարևոր է արձանագրել, որ մենք ի վիճակի եղանք անցկացնել ընտրություններ, որ ողջ միջազգային հանրության կողմից ընդունվեց որպես ժողովրդավարական, ազատ, մրցակցային, իհարկե, ատելության խոսքի հետ կապված խնդիր կար»։
Վարչապետը նաեւ ընդգծեց, որ 2020–ի պատերազմից հետո, շատ երկար ժամանակ ամեն օր վերադարձել է 2018 թվական. «Ես գիտե՞ք ինչ եմ հասկացել, ինչ եմ արձանագրում, որ մենք կշեռքի մի նժարի հայրենիքից մի մաս կորցրել ենք 44-օրյա պատերազմի արդյունքում, բայց ձեռք ենք բերել պետություն, որն ավելի ինքնիշխան է, որը ավելի անկախ է, որը ավելի ինքնուրույն է։ Ես չեմ ուզում, որ այս թեզը հնչի որպես էլի գեղեցիկ ձևակերպված նախադասություն, այլ ուզում եմ կոնկրետ օրինակով ասել. 2025 թվականի մարտի մեկը այն օրն է, որի դրությամբ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանային անցման կետերում ծառայություն են իրականացնում ՀՀ սահմանապահ զորքերը։ Թվում է, թե շատ տրամաբանական բան է, չէ, ի՞նչ կա մի հատ էլ զարմանալու, որ մի հատ էլ գլուխ ենք գովում։ Անկախ պետություն ենք, բնականաբար մեր սահմանին պետք է կանգնի մեր սահմանապահները։
Այդ որոշումը ես եմ կայացրել 2024 թվականին։ Ես կարո՞ղ էի այդ որոշումը կայացնել 2019 թվականին, երբ որ թվում էր, թե քաղաքականապես և բոլոր առումներով շատ ավելի ուժեղ եմ և շատ ավելի պինդ եմ։ Ոչ, ես չէի կարող այդ որոշումը կայացնել 2018 թվականին, 2019 թվականին, 2020 թվականին։ Չէի կարող պարզապես, մտածելը նույնիսկ շատ դժվար էր, որ կարա այդպիսի բան տեղի ունենա, իսկ 2024 թվականին ես կարող էի և կայացրել եմ այդ որոշումը։ Մենք շնորհակալություն ենք հայտնել Ռուսաստանի դաշնության այս ընթացքում մեզ ցուցաբերած աջակցության համար, բայց ասել ենք, որ գիտեք ինչ, մենք որպես պետություն հասունացել ենք, մենք մեր սահմանային կետերը ինքներս կարող ենք վերահսկել։
Իմ կարծիքով, իրական Հայաստանի գաղափարախոսությունը գիտե՞ք ինչի մասին է։ 2018 թվականից մեր կարևորագույն թեզերից, իմ կարևորագույն թեզերից մեկը եղել է հետևյալը, դա ստուգելի փաստ է, որ մեր մեծագույն առաքելությունը հետևյալն է, Հայաստանը դուրս դնել մեր պատմական ցիկլերից, ո՞րն է այդ պատմական ցիկլը։ Երբ որ կայսրությունների փլուզման համատեքստում մենք ստանում ենք պետականություն, կայսրությունների կոնսոլիդացման պրոցեսում մենք կորցնում ենք պետականությունը։ Ես այսօր ասում եմ, որ նախորդող շրջանի մեր պատմությունը կորստի պատմություն չի, ձեռքբերման պատմություն է, որովհետև մենք ստացել ենք հարատև պետություն ունենալու շանս։ Հիմա մեզնից է կախված, մենք այդ պետությունը կստանանք, թե չենք ստանա։ Եթե մենք համաձայնվենք մեզ սահմանափակել և այդպիսով սահմանափակել նաև ուրիշներին, մենք կունենանք հարատև պետություն, որը շանս կունենանք սերը ընդե սերունդ փոխանցել, եթե ոչ՝ մենք հիմա մեր պետականությունը կկորցնենք»,– հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։