89 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մոլդովացի կոմպոզիտոր, դիրիժոր և ուսուցիչ Եվգենի Դոգան, հաղորդում է «Ведомости»-ն։
Դոգան ծնվել է 1937 թվականի մարտի 1-ին Մոլդովական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում (այժմ՝ Մերձդնեստրի Հանրապետություն): 1951 թվականին ընդունվել է Քիշնևի երաժշտական դպրոց՝ թավջութակի դասարան, ապա՝ Քիշնևի երաժշտանոց։
1960 թվականին նա ճանաչման է արժանացել որպես սիմֆոնիկ, կամերային և վոկալ ստեղծագործությունների հեղինակ։ Նա լայն ճանաչում է ձեռք բերել գեղարվեստական ֆիլմերի համար գրված երաժշտության, մասնավորապես՝ «Թափառախումբը գնում է երկինք» (1976) և «Իմ սիրելի, քնքուշ գազան» (1978) ֆիլմերի շնորհիվ։ Այդ ֆիլմի վալսը դարձավ 20-րդ դարի ամենաճանաչելի երաժշտական ստեղծագործություններից մեկը։
Դոգան գրել է օպերաներ, բալետներ, սիմֆոնիաներ, երաժշտություն թատրոնի և կինոյի համար։ Նա ակտիվորեն համագործակցել է առաջատար կինոռեժիսորների, նրանց թվում՝ Էմիլ Լոտյանուի և Սերգեյ Փարաջանովի հետ։
Ստեղծագործական աշխատանքից բացի, Դոգան զբաղվել է ուսուցչական և հասարակական գործունեությամբ, դասավանդել է Քիշնևի երաժշտանոցում, եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, իսկ 2017 թվականին առաջադրվել է Մոլդովայի նախագահի պաշտոնում։