Այսօր՝ մայիսի 9-ին, Մարմարիկում անհետացած Տիգրանի 2-ամյակն է։ Փոքրիկին փնտրում են մայիսի 4-ից։
ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Iravaban.net-ի հետ զրույցում ասաց, որ որոնողական աշխատանքները նույն թափով և ինտենսիվությամբ վերսկսվել են․ «Մայիսի 9-ի վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։ ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներն իրականացում են ինչպես Մարմարիկ բնակավայրում և հարակից տարածքներում, այնպես էլ Մարմարիկ գետի երկայնքով և Աղբյուրակի ջրամբարում։
Մինչ այս պահը որոնողական աշխատանքներին ներգրավված են ավելի քանի 263 փրկարարներ՝ այդ թվում ջրասուզակներ ու կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, ոստիկանության 210 ծառայողներ, Մարմարիկի բնակիչներ և կամավորներ։ Որոնողական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար կիրառվում են անօդաչու թռչող սարքեր, ջրափրկարարական նավակներ։ Ստուգվում են առաջ քաշված բոլոր վարկածները։ Զրույցներ են տարվել ավելին քան 5 տասնյակ անձանց հետ, ստուգվել են շուրջ 2 տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են»։
«Հայրն ու պապիկը բակում մեքենայի վրա գործ էին անում, Տիգրանը քույրիկի հետ նույնպես տարածքում էր, հետո քույրը եկել է տուն, մայրը մտածել է՝ Տիգրանը հայրիկի մոտ է, հայրիկն էլ՝ հակառակը, մի քանի րոպե հետո հասկացել են՝ բալիկը չկա»,- երեխայի կորելու օրը պատմել էր ազգականներից մեկը: