«Անմահ գունդ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին, վետերանների մասնակցությամբ բազմամարդ երթ անցկացվեց դեպի Հաղթանակի զբոսայգու անմար կրակը: Ամենամյա երթի նպատակն է վերհիշել, վերարժևորել Հայրենական մեծ պատերազմի հերոսների, վետերանների սխրանքները, և ևս մեկ անգամ հարգանքի տուրք մատուցել:
Երթը մեկնարկեց Երևանի Արաբկիր համայնքի Սուրբ խաչ եկեղեցուց:
«Անմահ գունդ» միջազգային շարժման գլխավոր համակարգող Մհեր Ավետիսյանը, շնորհավորելով տոնի կապակցությամբ, նշեց՝ այս միջոցառումների հիմնական նպատակը մեկն է՝ պահպանել այն արժեքները, այն մշակույթը և այն գաղափարախոսությունը, որոնք մեր պապերը փոխանցել են մեզ:
«Այսօր մենք քայլերթով կգնանք հաղթանակի զբոսայգի ևս մեկ անգամ հարգանքի տուրք մատուցելու մեր պապերին և նշելու այս մեծ Հաղթանակի օրը: Ես կամենում եմ, որ հայ ազգը Հաղթանակի 80-ամյակի միջոցառումների շրջանակով և դրանից հետո սկսի ապրել հաղթողի հոգեբանությամբ՝ իր պապերի տված հաղթանակով»,-ասաց նա:
44-օրյա պատերազմի մասնակից Ալեքսանդր Դումանյանը, ով իր ձեռքում էր պահում Հայրենական մեծ պատերազմի մասնակից պապիկի լուսանկարը՝ նշեց, որ հպարտ է տոնելու Հաղթանակի 80-ամյակը, որում ներդրում է ունեցել իր պապը:
«Մշտապես պետք է հիշել և փոխանցել պատմությունը: Կարևոր է, որ այս և գալիք սերունդը իմանա Հայրենական մեծ պատերազմի և իրենց պապերի տարած հաղթանակի և պատմության մասին»,- նշեց Դումանյանը:
Միջոցառումների շրջանակում «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ կանցկացվի համերգային ծրագիր։ Իսկ միջոցառմանը ներկա բոլոր երեխաները կստանան այգում գործող ատրակցիոնների բազմաթիվ անվճար տոմսեր՝ «Անմահ գունդ» պատմամշակութային հասարակական կազմակերպության կողմից։
Երթին մասնակցում էին վետերաններ, դիվանագիտական ներկայացուցիչներ, երեխաներ, ուսանողներ և բազմաթիվ քաղաքացիներ: