Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ «Հայաստան» խմբակցությունը ԱԺ կներկայացնի օրենքի փոփոխության նախագիծ, որով առաջարկվում է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը։
Սաղաթելյանի հայտարարությանը հակադարձել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ շեշտելով, որ ՀՀ քրեական օրենսգրքում արդեն իսկ կա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող հոդված՝ ՀՅԴ-ին մեղադրելով մանիպուլյացիա անելու մեջ։
Սաղաթելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու նախաձեռնությունն ուղղակի պատասխան է Թուրքիայից պարտադրվող ժխտողական քաղաքականությանը և ներկայիս իշխանությունների՝ այդ քաղաքականությանը ենթարկվելու փաստին։ Նա նաև գրել է, որ իշխանությունն ունի երկու ընտրություն՝ կողմ քվեարկել օրինագծին՝ փակելով Հայոց ցեղասպանության ուրացման դուռը, մերժել նախագիծը՝ պաշտոնապես ամրագրելով, որ ինքն իրականացնում է ժխտողական քաղաքականություն»։
Արսեն Թորոսյանը իր հերթին հրապարակել է Քրեական օրենսգրքի դրույթը, որով Ցեղասպանության հերքումն արդեն իսկ քրեականացված է՝ շեշտելով, որ ընդդիմությունն առաջարկում է Քրեական օրենսգրքում ավելացնել մի դրույթ, որն արդեն կա։
«ՀՀ քրեական օրենսգիրքն արդեն ունի Հոդված 136՝ «Ցեղասպանությունը կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը»։ Դաշնակցությունը ձեռնամուխ է եղել հերթական ստոր մանիպուլյացիային՝ փորձելով շահարկել մեր ժողովրդի սրբագույն հույզերը։ Նրանք առաջարկում են քրեական օրենսգրքում ավելացնել մի դրույթ, որն արդեն կա, որպեսզի, երբ մեր կողմից մերժվի այդ բացարձակապես ավելորդ նախաձեռնությունը, մեզ մեղադրեն Հայոց Ցեղասպանությունը ուրանալու, «թուրք» կամ «դավաճան» լինելու մեջ։
Սա անամոթ, ցինիկ քաղաքական շահարկում է։ Երբ բարոյականության վերջին սահմանները հատվում են՝ հանուն նեղ խմբակային շահերի, իսկ Հայոց Ցեղասպանության թեման օգտագործվում է որպես կեղտոտ գործիք՝ հասարակությանը մոլորեցնելու համար, դա արդեն դավաճանություն է հենց զոհերի հիշատակին»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Թորոսյանը։