Սահմանադրական դատարանը «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը հակասահմանադրական չի համարել, երկու կարգավորում մեկնաբանել է և, ըստ էության, իրավակիրարկման պրակտիկային հուշել է հետևյալը՝ այս կանոնակարգումների պարագայում պետք է առաջնորդվեն այն մեկնաբանությամբ, որը տվել է Սահմանադրական դատարանը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ հիշեցնելով, որ Սահմանադրական դատարանը հրապարակել է միայն եզրափակիչ մասը:
«Ամբողջական տեքստը երբ հասանելի կլինի, նոր հնարավոր կլինի հիմնավորումներով խոսել։ Ցանկացած գործ պետք է ուսումնասիրել կոնկրետ հանգամանքների շրջանակներում, ՍԴ-ն չի նեղացրել գույքի շրջանակը, ՍԴ-ն այդ հնարավորությունը չունի։ Սահմանադրական դատարանը մեկնաբանել է կանոնակարգումները և տվել է դիրքորոշում, որով պետք է առաջնորդվի իրավակիրառը։
Գույքն ի սկզբանե պետք է ապօրինի ծագում ենթադրի, եթե այդ ծագումն առկա է, և այն փոխկապակցված է անձի կողմից, որն անհամատեղելի պաշտոն է զբաղեցրել ծավալած ապօրինի գործունեության հետ, ապա այդ գույքը պետք է վերադարձվի իրական սեփականատիրոջը»,- մանրամասնել է Վարդանյանը։