Գազայի քաղաքացիական պաշտպանության գործակալությունը հայտնել է, որ չորեքշաբթի վաղ առավոտյան Իսրայելի օդային հարվածների հետեւանքով զոհվել է առնվազն 11 մարդ, այդ թվում՝ կանայք եւ երեխաներ, հաղորդել է AFP-ը:
Իսրայելը մարտի 18-ին վերսկսել է իր օդային եւ ցամաքային հարձակումը Գազայի հատվածում՝ վերջ դնելով երկամսյա զինադադարին:
Գազա քաղաքի ավիահարվածի հետեւանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ մի քանի կանայք եւ երեխաներ, հայտնել է քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչ Մահմուդ Բասալը:
Նրա խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել Գազա քաղաքի ալ-Տուֆա շրջանում գտնվող Հասունա ընտանիքին պատկանող տան վրա։
«Մեր թիմերը 10 նահատակների եւ մի քանի վիրավորների տեղափոխել են «Ալ-Շիֆա» հիվանդանոց այն բանից հետո, երբ Հասունա ընտանիքի տունը հարվածի է ենթարկվել»,- ասել է Բասալը:
Փրկարարները հայտնել են, որ հարավային Խան Յունիս քաղաքում առանձին հարձակման հետեւանքով երեխա է զոհվել:
Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն, բազմիցս ասել են, որ ռազմական ճնշումը միակ միջոցն է՝ ապահովելու Գազայում պատանդների ազատ արձակումը, որոնց դեռեւս պահում է ՀԱՄԱՍ-ը:
Չորեքշաբթի պաշտպանության նախարար Իսրայել Կացը կրկնել է, որ Իսրայելը կշարունակի «անողոք հարվածներ հասցնել ՀԱՄԱՍ ահաբեկիչներին եւ ահաբեկչական ենթակառուցվածքին» Գազայում:
«Եթե ՀԱՄԱՍ-ը շարունակի հրաժարվել (պատանդներին ազատ արձակելուց), ապա գործողությունները կուժեղանան եւ կտեղափոխվեն հաջորդ փուլ»,- նշվել է Կացի հայտարարությունում։
Նա, սակայն, չի հստակեցրել, թե ինչից է բաղկացած լինելու հաջորդ փուլը։