«Այսօր այստեղ ենք՝ պահանջելու ազատ արձակել Բաքվի կողմից պահվող 23 հայ պատանդներին, որոնց նկատմամբ անարդար դատավարություն է իրականացվում։ Ընթացող այս դատավարությունը կարելի է համեմատել է ստալինյան դատավարությունների հետ»:
Այս մասին Եվրախորհրդարանում տեղի ունեցած «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրով քննարկման ժամանակ ասել է Ֆրանսիան ներկայացնող Նատալի Լուազոն։
Նրա խոսքով, Բաքվում հայ պատանդները զրկված են արդար վերաբերմունքից։
Լուազոն Եվրախորհրդարանի ամբիոնից դիմել է Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանում ԵՄ առաքելության մանդատի երկարաձգման համար։ Նա նշել է, որ վերջերս էր Հայաստանում, և հույս է հայտնել, որ Կալասը նույնպես շուտով կայցելի Երևան։
«Դուք կտեսնեք մի երկիր, որը ցանկանում է խաղաղություն, երազում է Եվրոպայի մասին, որի հարևանությամբ Ադրբեջանն է, որը շարունակում է սպառնալ և հանդիսանում է Ռուսաստանի ամենամեծ դաշնակիցներից մեկը: Հուսով եմ, որ կդիմադրեք նրանց, ովքեր կոչ են անում համաչափ մոտեցում ցուցաբերել Երևանի և Բաքվի նկատմամբ:
Հուսով եմ, որ հաշվի կառնեք նաև, որ Ադրբեջանը թշնամական միջամտության քաղաքականություն է վարում Ֆրանսիայի նկատմամբ, և դա չի կարող անարձագանք մնալ»,- եզրափակել է Եվրախորհրդարանի պատգամավորը։