Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Բաքվում Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան ղեկավարության կեղծ դատավարության թեմային։
Լրագրողի հարցին, թե արդյոք հետևո՞ւմ են այդ դատավարությանը և ի՞նչ արձագանք ունեն, Սիմոնյանը պատասխանեց, որ արձագանքելու բան չկա։
«Դե ինչ կա այստեղ արձագանքելու։ Հետևում ենք, տեսնում ենք՝ ինչ է կատարվում։ Բայց արձագանքելու որևէ բան չկա։ Ակնհայտ է, թե ինչ է տեղի ունենում։ Ցավալի է, հույս ունենանք, որ դատավարությունը հնարավորություն կտա այդ մարդկանց ինչ-որ ձևով հետ բերելու, ազատելու քննարկում ունենալ»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
Լրագրողի այն դիտարկմանը, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները և ընդդիմությունը հայտարարում են, թե հայկական կողմը բավարար ջանքեր չի գործադրել, ԱԺ նախագահը արձագանքեց, որ չի հետևում Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների հայտարարություններին և գտնում է, որ նրանք պետք է հնարավորինս զերծ մնան գործընթացին միջամտելուց։
«Ղարաբաղի նախկին պաշտոնյաների հայտարարություններին և ասածներին միտված չեմ հետևել ու համարում եմ, որ ավելի լավ կլինի, որ իրենք հնարավորինս շատ չխառնվեն, լռեն։ Իրենք ինչքան խառնվեցին, ինչ արեցին, դրա հետևանքը տեսանք։ Կարծում եմ, որ ճիշտը իրենց կողմից լռելն է»,- նշեց Սիմոնյանը։