Ադրբեջանական ավիաուղիների (AZAL) կործանված ինքնաթիռի ինքնագրիչները («սև արկղերը») կուղարկվեն Բրազիլիայի ավիացիոն պատահարների հետաքննության և կանխարգելման կենտրոն (CENIPA):
Այս մասին հայտնել է Ղազախստանի տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
«Վթարների հետաքննության հանձնաժողովը որոշել է «սև արկղերն» ուղարկել Բրազիլիայի ավիացիոն պատահարների հետաքննության և կանխարգելման կենտրոն: Բրազիլիան նաև Embraer ինքնաթիռն արտադրող երկիրն է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացահայտել էր մի շարք պատճառներ՝ կապված «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի՝ Ակտաուի մերձակայքում կործանման հետ։ Ալիևի խոսքով, վերջնական վարկածը հայտնի կդառնա միայն «սև արկղերը» բացելուց հետո։
«Ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռը խոցվել է դրսից՝ ՌԴ օդային տարածքում՝ Գրոզնի քաղաքի մոտ, և գործնականում կորցրել է կառավարումը: Մենք նաև գիտենք, որ մեր ինքնաթիռն անկառավարելի է դարձել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների կիրառման պատճառով: Սա ինքնաթիռին հասցված առաջին վնասն էր»,- նշել էր Ադրբեջանի ղեկավարը։
Նա նաև հայտնել էր, որ ցամաքից բացված կրակի հետևանքով ինքնաթիռի պոչամասը նույնպես մեծ վնաս է կրել։
Azerbaijan Airlines ավիաընկերության՝ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը Ղազախստանի Ակտաու քաղաքում կործանվել էր: Վերջին տվյալներով՝ ինքնաթիռի կործանման հետևանքով 38 մարդ է զոհվել:
Ադրբեջանական AZAL ավիաընկերությունը հայտնել էր, որ Բաքու-Գրոզնի չվերթով ինքնաթիռի կործանման պատճառն «արտաքին ֆիզիկական և տեխնիկական միջամտությունն է»:
Սպիտակ տունը հայտարարել էր, որ Բաքու-Գրոզնի ինքնաթիռը կարող է խոցված լինել Ռուսաստանի ՀՕՊ-ից:
Ավելի ուշ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ներողություն խնդրել Ռուսաստանի օդային տարածքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի՝ ինքնաթիռի կործանման կապակցությամբ: