ԲՏԱ նախարարությունը նախատեսում է սահմանել նոր վճարներ 5G և արբանյակային ինտերնետի համար

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության  նախարարությունը նպատակ ունի աջակցել շարժական կապի 5G տեխնոլոգիայի զարգացմանն ու արբանյակային կապի ոլորտի առաջխաղացմանը Հայաստանում: Ազգային ժողովում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը և հիշեցրեց, որ Հայաստանում շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ներդրման ու զարգացման, այդ թվում՝ լիարժեք 5G տեխնոլոգիային բնորոշ տվյալների հաղորդման բարձր արագություններով և ցանցի փոքր ընդհատումներով ծառայությունների մատուցումն ապահովելու համար անհրաժեշտ ռադիոհաճախականային ռեսուրսների տրամադրման աշխատանքների շրջանակում, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2024 թվականի հրամաններից մեկով ազատականացվել և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տնօրինմանն է հանձնվել 3600-3800 ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածը: Միեւնույն ժամանակ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2023 թվականի հունվարի 11-ի մեկ այլ հրամանի համաձայն՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տնօրինմանն է հանձնվել 2300-2400 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթը, որը, ըստ դրա օգտագործման նշանակության, նախատեսված է նաև շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ցանցերի ներդրման և զարգացման համար: 

Զեկուցողը նշեց, 5G կապը Հայաստանում ապահովելու համար, ինչպես նաև արբանյակային ինտերնետ կապի հասանելիությունը ապահովելու համար սահմանվել են կոնկրետ գումարներ։

«Մասնավորապես՝ 1 ՄՀց ռադիոհաճախականության գոտու համար տրամադրվելիք պարտադիր վճարը միանվագ սահմանվել է 25 միլիոն դրամ, իսկ տարեկան օգտագործվելիք վճարը 16 միլիոն 800 հազար դրամ։ Արբանյակային ինտերնետի պարագայում սահմանվել է միանվագ 3 միլիոն դրամ և օգտագործման համար տարեկան 3 միլիոն։ 

«Օրենքը ուժի մեջ մտնելուց և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կհայտարարի մրցույթ և եթե լինեն շահողներ, ապա 5G տեխնոլոգիաների ցանցերի զարգացման և միջազգային միտումներին համահունչ հեռահաղորդակցության ոլորտի շարունակական դինամիկ զարգացման համատեքստում 300 ՄՀց ռադիոհաճախականային հատվածը տրամադրելու պարագայում՝ կապահովվի 7 միլիարդ 500 միլիոն դրամ միանվագ մուտքեր պետական բյուջե և կապահովվի 5 միլիարդ 40 միլիոն դրամ տարեկան լրացուցիչ մուտքեր»,-եզրափակեց Հայրապետյանը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031