44-օրյայի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հետ կապված գաղտնի թղթեր չունեմ․ Քոչարյան

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ շրջանառվող լուրերին, թե ինքը 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի հետ կապված գաղտնի թղթեր ունի:

«Անդրանիկ Քոչարյանը գաղտնի թղթեր չի կարող ունենալ, որովհետև հանձնաժողովը ստեղծված է ԱԺ-ի կողմից, սահմանադրական հանձնաժողով է, և այդ հանձնաժողովի կատարած աշխատանքն Ազգային ժողովի և պետության սեփականությունն է: Զեկույցը ներկայացնելուց հետո այն կծառայի մեր երկրի անվտանգությանը: Ընթացակարգով մենք շարժվում ենք, դեկտեմբերին այն փորձաքննությունների փուլ կմտնի՝ գաղտնիության ռեժիմի հետ կապված: Զեկույցը, որպես այդպիսին, ավարտված է՝ իր հատորներով, իր էջերով: Շատ-շատ էջեր միայն վերծանումներ են տեսագրությունների: Դա մի հսկայածավալ աշխատանք է, որը նույնպես ավարտված է»,- ասաց նա:

Հարցին՝ կարևոր բացահայտումներ կա՞ն զեկույցում, Քոչարյանը դրական պատասխանեց, ապա հավելեց. «ԱԺ լիագումար նիստերի դահլիճում զեկույցը հրապարակվելու է ամբողջ ծավալով»:

Հնարավո՞ր է բացահայտումներին հաջորդեն քրեական գործեր, Անդրանիկ Քոչարյանը կրկին դրական արձագանքեց՝ նշելով, որ հիմա էլ հազարավոր քրեական գործեր կան:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031