ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ուղերձ է հղել Գիտության միջազգային օրվա կապակցությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ուղերձ է հղել Գիտության միջազգային օրվա կապակցությամբ՝ նշելով, որ արդեն երկու տարի շարունակ ՀՀ կառավարության քաղաքականության շնորհիվ գրանցվում է գիտության մեջ զբաղված հետազոտողների թվի աճ, ինչով կոտրվել է նախորդ տարիների՝ գիտական աշխատանքով զբաղվածների թվի նվազման միտումը։ Ընդ որում՝ գիտությամբ զբաղվողների մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդ գիտնականները՝ ցույց տալով, որ գիտությամբ զբաղվելը մեզանում դառնում է մրցունակ ու հետաքրքիր կենսագիծ երիտասարդների համար։

Ժաննա Անդրեասյանն իր ուղերձում նշել է. «Գիտության ոլորտի ներկայացուցիչներ, սիրելի՛ գիտնականներ, հետազոտողներ, շնորհավորում եմ Գիտության միջազգային օրվա առթիվ։

Այսօր, երբ աշխարհը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների և ծավալվող անորոշության առջև, հանրային ակնկալիքը՝ գիտության միջոցով հարցերի պատասխաններ գտնելու, միայն աճում է։ Գիտելիքահենք տնտեսությունը, հանրային բոլոր ոլորտներում խելացի գործիքակազմերի ներդրումը, մեծաքանակ տվյալների վերլուծության կարիքն, ըստ էության, հետազոտական նվազագույն հմտությունների անհրաժեշտություն են դնում ոչ միայն գիտնականների, այլ նաև մասնագիտական ծառայությունների ոլորտում ներգրավված բազմաթիվ մարդկանց, կյանքի տարբեր իրավիճակներում հայտնվող քաղաքացիների համար։

ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված գիտության ու կրթության ոլորտի բարեփոխումներին, նպատակ ունի զարգացնել գիտական ներուժը՝ դարձնելով այն միջազգայնորեն մրցունակ։ Ցանկանում եմ առանձնակի շեշտել թե՛ բնական, թե՛ հումանիտար և հասարակական գիտությունների զարգացման առաջնահերթությունը և մեկը մյուսին փոխլրացնելու կարևորությունը, որով պայմանավորված է պետության և հանրության իրական զարգացումը։ Ընդ որում՝ ցանկանում եմ ուրախությամբ շեշտել, որ Կառավարության ծրագրով 2021 թվականին գիտության ոլորտում նախանշած հիմնական թիրախներն արդեն իսկ իրականություն են և հնարավոր են դարձնում մտածել հաջորդ փուլի զարգացման ռազմավարության մասին։ 

Մասնավորապես՝ գիտության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մրցունակ է դարձրել ոլորտում գիտնականների աշխատավարձը՝ բարձրացնելով միայն բազային ֆինանսավորումը մինչև 300 տոկոսով, ներդնելով թեմատիկ ֆինանսավորման տարաբնույթ ձևաչափեր, նոր դրամաշնորհներ, որոնց շնորհիվ երիտասարդ գիտնականներն ու ասպիրանտները վերապատրաստվում են արտերկրի լավագույն գիտական կենտրոններում։ Հիմնվում են հեռավար լաբորատորիաներ՝ արտերկրի հեղինակավոր գիտնականների հետ համատեղ, արտերկրի գիտնականները, այդ թվում՝ Սփյուռքից, նաև տեղափոխվում են Հայաստան՝ տեղի հետազոտողների հետ գիտական աշխատանք իրականացնելու, նաև դասավանդելու։ 

Իրականացվում են տնտեսության համար կարևոր կիրառական բնույթի հետազոտություններ, երկրի պաշտպանունակությանն ուղղված գիտական աշխատանքներ, յուրաքանչյուր տարի ձեռք են բերվում արդիական բարձրարժեք գիտական սարքավորումներ՝ աննախադեպ ծավալներով, որոնք թույլ են տալիս մեր երկրում իրականացնել ամենաբարձր մակարդակի հետազոտական աշխատանք՝ միջազգայնորեն մրցունակ գիտական համայնք ձևավորելով։ 

Այս աշխատանքների շնորհիվ մենք արդեն երկու տարի շարունակ գրանցում ենք գիտության մեջ զբաղված հետազոտողների թվի աճ՝ կոտրելով նախորդ տարիների՝ գիտական աշխատանքով զբաղվածների թվի նվազման միտումը։ Ընդ որում՝ գիտությամբ զբաղվողների մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդ գիտնականները՝ ցույց տալով, որ գիտությամբ զբաղվելը մեզանում դառնում է մրցունակ ու հետաքրքիր կենսագիծ երիտասարդների համար։

Դրան են ուղղված նաև դպրոցականների շրջանում գիտությամբ զբաղվելու հեռանկարը խրախուսելու քայլերը․ 2021 թվականից կազմակերպվում է Համադպրոցական գիտության փառատոնը, այս տարի առաջին անգամ իրականացվեց Գիտության շաբաթը՝ գործընկերների հետ համագործակցությամբ, դպրոցներում հիմնվող բնագիտական և տեղեկատվական նոր լաբորատորիաները գալու են խթանելու փորձարարական միտքն ու միջավայրը՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ հետազոտական աշխատանքի ընտրության համար։

Միաժամանակ, տարաբնույթ ցուցանիշները վկայում են, որ գնալով ավելի ու ավելի մեծ գիտական արդյունք է ստեղծվում բուհերում, որը պետք է միայն խրախուսել՝ հնարավորինս ինտեգրելով բարձրագույն կրթությունն ու գիտությունը։ Կառավարության առաջնահերթ ծրագրերից համարվող Ակադեմիական քաղաքը դառնալու է բարձրագույն կրթության և հետազոտության համար անհրաժեշտ որակյալ միջավայր՝ ձևավորելով գիտությամբ զբաղվելու հրաշալի միջավայր։ Գիտության և բարձրագույն կրթության զարգացման օրակարգերի ինստիտուցիոնալ հենքն ապահովելու է հանրային քննարկման ներկայացված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը։

Գիտության զարգացման շուրջ խոսակցության հերթական առիթը կունենանք գիտության զարգացման ռազմավարության շրջանակում, որը նախատեսում ենք մեկնարկել առաջիկայում։

Մենք ապրում ենք դժվար ժամանակներում, որտեղ առաջ գնալու նախապայմանը դժվար հարցերի մասին խոսելն ու դրանց պատասխանները փնտրելն է։ Գիտությունն է դժվար հարցերին պատասխանելու ամենաարդյունավետ ձևերից մեկը, որտեղ խիստ կարևոր է ազնվությունը, կասկածելու ունակությունն ու սխալներից սովորելու կարողությունը։

Մաղթում եմ մեր գիտնականներին, հետազոտողներին, գիտության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին մտքի ազատություն և ստեղծագործ ու արդյունավետ աշխատանք։

 Շնորհավո՛ր Գիտության միջազգային օր»:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031