Եվրախորհրդարանի ավելի քան 5 տասնյակ պատգամավորներ Ադրբեջանին կոչ են արել COP29-ին ընդառաջ ազատ արձակել բոլոր հայ գերիներին և պատանդներին

Բաքվում կայանալիք COP29-ին ընդառաջ Եվրախորհրդարանի բոլոր խմբակցություններից ավելի քան հինգ տասնյակ պատգամավոր հանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ ընդգծելով, որ COP29-ը ոչ միայն կլիմայի վերաբերյալ ազդեցիկ և նշանակալի համաժողով է, այլև  իր մեջ ներառում է հավատարմություն արդարության և մարդկային արժանապատվության սկզբունքներին:

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանի 52 պատգամավորները, հղում անելով 2021 թվականի մայիսից ի վեր ընդունված Եվրախորհրդարանի համապատասխան բանաձևերին և զեկույցներին, Ադրբեջանի կառավարությանը կոչ են անում անհապաղ և  անվերապահորեն ազատ արձակել Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին և գերիներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը։

Եվրախորհրդարանականներն ադրբեջանական իշխանություններին կոչ են անում զերծ մնալ հայկական մշակութային  և  կրոնական ժառանգությունը՝ այդ թվում վանքերը, խաչքարերը աղվանականացնելուց, պատմության վերաշարադրումից։ ԵԽ պատգամավորները կոչ են արել  ապահովել հայկական մշակութային ժառանգության անձեռնմխելիությունը։

Հաշվի առնելով պաշտոնական Բաքվի ծավալապաշտական հայտարարությունները՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են անում ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության դեմ սպառնալիքներից և ցանկացած ագրեսիայից, ինչպես նաև դուրս բերել ադրբեջանական զինուժը Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից։

Պատգամավորները դիմում են նաև ԵՄ գործադիր մարմիններին՝ ԵՄ խորհրդին, Եվրոպական Հանձնաժողովին, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչին  և  կոչ անում ականջալուր լինել Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևերին և գործել դրանց ոգուն համահունչ։

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը վերջին ամիսներին իրազեկվածության բարձրացման ուղղությամբ աշխատանքներ էր տարել Եվրոպական խորհրդարանում։ Այս հայտարարությունն ու նմանատիպ այլ նախաձեռնությունները շարունակական աշխատանքի արդյունքն են։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031