Ուսումնասիրեք սահմանազատման պատմությունը, պատասխանատվության կոչ արեք Google.maps-ին․ հայտարարություն

«Միասին» այլընտրանքային, հասարակական, քաղաքական շարժումը, ելնելով ԱՄՆ պաշտոնական քաղաքականության հրապարակային ուղեգծից, համաձայն որի «ԱՄՆ-ը մեծապես աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը» և, նկատի ունենալով պետքարտուղարության պաշտոնական հայտարարություններն առ այն, որ «այդ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ցանկացած խաթարում լուրջ հետևանքներ կունենա», դիմում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը՝ ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։

Առաջարկում ենք ուսումնասիրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման փաստաթղթային վավերացում ունեցող պատմությունը և պատասխանատվության կոչելու ԱՄՆ ընկերություն հանդիսացող Google.maps-ին։

Վերջինս տարածած քարտեզներում, համահունչ Ադրբեջանի զավթողական տարածքային պահանջներին, ապօրինի առաջ է տանում Արցախի բնակչության էթնիկ զտում կազմակերպած Իլհամ Ալիևի հակաժողովրդավար, հանցագործ վարչակազմի գիծը, որը ՀՀ քարտեզներում «գտնում է», այսպես կոչված, ադրբեջանական տարածքներ՝ անկլավներ՝ դրանով իսկ յուրովի «վավերացնելով» Ադրբեջանի բռնազավթիչ քաղաքականությունը, խաթարելով ՀՀ ինքնիշխան տարածքների անձեռնմխելիությունը։ Դա էլ բավական չէ, ՀՀ տարածքն անվանում է Արևմտյան Ադրբեջան։

Հայտնում ենք, որ Google.Maps-ի այսօրվա քարտեզները ցույց են տալիս ՀՀ հյուսիս-արևելքում ադրբեջանական 2 անկլավների (Վերին Ասկեպար և Ազատամուտ կամ Սոֆլու-Բարխուդարլի), ինչպես նաև Արարատի մարզում «առկա» Տիգրանաշեն (Քյարքի) անկլավի գոյությունը։ 1984-1987թթ ՀԽՍՀ և ԱդԽՍՀ կողմից ստեղծված միջպետական սահմանների ճշգրտման ու սահմանագծման հանձնաժողովն ամրագրել է, որ Ադրբեջանը ՀՀ տարածքում էքսկլավներ չունի։ Նշված անկլավ-էքսկլավները ադրբեջանական ճանաչելու եռակողմ վավերացված որոշումներ չկան։

ՀՀ-ն բազմիցս հայտարարել է, որ ճանաչում է ԱՀ տարածքային ամբողջականությունը՝ ելնելով Ալմա Աթիում ստորագրված հռչակագրից։ Հռչակագիրն իր հերթին վկայակոչում է այդ

հանրապետությունների միջև խորհրդային տարիներին առկա սահմանները։ Նշանակում է՝ նման անկլավ-էքսկլավներ չեն եղել․ դրանք միմիայն Ադրբեջանի ներկայիս հանցագործ վարչախմբի տարածքային նկրտումների արտահայտությունն են։

2024 թ․ սեպտեմբերի 21-ին ՀՀ Անկախության տոնի ուղերձում ԱՄՆ պետքարտուղարը դարձյալ ընդգծել էր, որ Միացյալ Նահանգները անսասան է մնում հայ ժողովրդի ժողովրդավարական նկրտումներին, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում: Հետևաբար Google.maps-ի նման վարքագիծը լիովին հակասում է ձեր որդեգրած քաղաքականությանը, միջազգային իրավունքի գերակայությանը և ժողովրդավարական արժեքներին, ուստի ակնկալում ենք ԱՄՆ դեսպանատան գործուն ներգրավվածությունն այս կնճռոտ խնդրի լուծման հարցում։

Ըստ անհրաժեշտության պատրաստ ենք տրամադրել ԽՍՀՄ շրջանի վերջին սահմանազատում-սահմանագծումների բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ ՀԽՍՀ, ԱդրԽՍՀ և Խորհրդային կենտրոնական իշխանության պատասխանատու անձերի ստորագրություններով։

Հավարտ մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների շուրջ 60 անդամների նախաձեռնությանը, որոնք դիմել են ԱՄՆ իշխանություններին COP 29-ին ընդառաջ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների, ապօրինի պատանդառության, Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթման համար։

Ամերիկացի օրենսդիրները Պետքարտուղարությանը կոչ են անում պահանջել բոլոր քաղբանտարկյալների, պատանդների և ռազմագերիների, ներառյալ՝ էթնիկ հայերի, անհապաղ և անվերապահ ազատ արձակումը՝ COP29-ին ընդառաջ բարենպաստ դիվանագիտական միջավայր ունենալու համար։ Հուսով ենք՝ ԱՄՆ դեսպանատունն իր լծակներով համերաշխություն կհայտնի այս նախաձեռնության իրականացմանն ուղղված բոլոր քայլերին։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031