ՄԱԿ-ի գրասենյակի առջև մեկնարկել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի կողմից կազմակերպած ակցիան:
ՄԱԿ-ի գրասենյակից հետո մասնակիցների երթը կշարժվի դեպի ՀՀ ԱԳՆ և ՀՀ-ում գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներ:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցություն պատգամավոր Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ակցիայի նպատակը շատ հստակ է:
«Հաջորդ շաբաթ Բաքվում տեղի է ունենալու COP29 միջազգային խորհդաժողովը, և դրան մասնակցող միջազգային կազմակերպություններից պահանջում ենք, որ անպայման ճնշում բանեցնեն Ադրբեջանի վրա, հայ ռազմագերիներին և այլ պատանդառված անձանց ազատ արձակելու նպատակով»,- ասաց նա:
Սաղաթելյանը հիշեցրեց, որ այսօր Ադրբեջանում են գտնվում 2 տասնյակից ավելի ռազմագերի, Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիան ՀՀ նկատմամբ, մեկ տարի առաջ Արցախում իրականացրել է ցեղասպանություն, էթնիկ զտում:
«Այդ հարցերը միջազգային կազմակերպությունների, ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների դեսպանատների առջև բարձրացնում ենք նաև մեր ժողովրդի տեսակետը՝ իրենց երկրներին փոխանցելու ակնկալիքով»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ից 22-ը Բաքվում տեղի է ունենալու ՄԱԿ-ի կլիմայական փոփոխության հեղինակավոր համաժողովը՝ COP29-ը: