Այսօր՝ հոկտեմբերի 25-ին,. տեղի է ունեցել Մերգելյանի հիմնանորոգված պուրակի բացումը։ Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Երկարատև շինարարական աշխատանքներից հետո այգին ներկայանում է գեղեցիկ տեսքով։ Վերականգնման արդյունքում այգին քաղաքացիներին ներկայանում է ճեմուղիներով, նոր նստարաններով, խաղահրապարակով, մարզահրապարակով։
Նոր ծառեր են տնկվել, ավելացել է կանաչ գոտին։
Զբոսայգում է տեղադրվել նաև «Լեռնեցիների պարը» խմբաքանդակը։
«Մերգելյանի պուրակը, որ երկար տարիներ անտեսված և զավթված էր, այսօր հիմնանորոգվել է՝ դառնալով բարեկարգ, հարմարավետ և ժամանակակից։ Երևանն իր պատմության ընթացքում շատ բան է տեսել, տեսել է զավթված այգիներ, մայթեր, վաճառված մանկապարտեզներ, օտարված հանրային տարածքներ։ Կարծում եմ, ժամանակն է եկել, որ գիտակցենք մեր պարտականությունը՝ վերակենդանացնելու այն տարածքները, որոնք ժամանակին մեր քաղաքի շունչն են եղել։
Այս ծրագիրը հենց դրա մասին է։ Մերգելյանի այգու նախագիծն այս լայնամասշտաբ հայեցակարգի առաջին քայլն էր։ Այսօր կտնկենք մոտ 70 նոր ծառեր»,-հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր այն մարդկանց, ովքեր սրտացավ են եղել ծրագիրն իրականացնելիս։
«Մերգելյանի այգու նախագիծն այս լայնամասշտաբ հայեցակարգի առաջին քայլն էր: Տարածքը բարեկարգվեց, կանաչապատվեց:
Մերգելյանի պուրակի վերաբացումը ոչ միայն քաղաքի բարեկարգման կարևորագույն քայլերից է, այլ նաև հարգանքի տուրք է նշանավոր մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանի հիշատակին, ով իր ամբողջ կյանքը նվիրեց մեր երկրի գիտության, տեխնոլոգինաների զարգացմանը»,- ասել է Ավինյանը: