Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանին 14 կողմ ձայնով համայնքապետ է ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովսեփ Առաքելյանին։
Օրեր առաջ հրաժարական էր ներկայացրել համայնքի արդեն նախկին ղեկավար Արմեն Հակոբջանյանը, և ՔՊ-ն համայնքապետի պաշտոնում առաջադրել էր խմբակցության անդամ Հովսեփ Առաքելյանին։
Հաշվի առնելով, որ ՔՊ-ն ունի ավագանու 13 անդամ՝ ստացվում է, որ Առաքելյանի ստացած 14 ձայներից մեկը ավագանու ընդդիմադիր անդամների կողմից է։
Սիսիանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն ավելի վաղ բոյկոտել էին սեպտեմբերի 13-ին նշանակված ավագանու նիստը, որին միայն արդեն նախկին համայնքապետ Արմեն Հակոբջանյանն էր մասնակցել։
Հեռացել է ոչ միայն Արմեն Հակոբջանյանը, այլ նաև նրա երկու տեղակալը՝ Կարեն Հովհաննիսյանը և Գարիկ Հակոբյանը։ Արմեն Հակոբջանյանն ու Կարեն Հովհաննիսյանը նաև ավագանու մանդատներից են հրաժարվել, իսկ Գարիկ Հակոբյանը ավագանու անդամ չէր։
Համայնքի նոր ղեկավր, 34-ամյա Հովսեփ Առաքելյանը մինչ այս ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային կենտրոնի (Սյունիքի և Վայոց ձորի) ստորաբաժանման ղեկավարն էր։