Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը արձանագրում է Հայաստանի Հանրապետության լեգիտիմ տարածքների սահմանազատման սկզբունքները, և այդ սկզբունքները պետք է կյանքի կոչվեն։ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի անվտանգային ռազմավարության հիմքը լեգիտիմությունն է և իրենք հետևում են այդ ռազմավարությանը։
«Ազգային ժողովի կողմից վավերացրած կանոնակարգը, կարծում եմ, որ չափազանց կարևոր իրադարձություն է և պետք է ըստ արժանվույն այն գնահատենք, որովհետև դրանով արձանագրել ենք Հայաստանի Հանրապետության լեգիտիմ տարածքների սահմանազատման սկզբունքները, և այդ սկզբունքները պետք է կյանքի կոչվեն»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանի ներսում, և Հայաստանից դուրս կլինեն տեսակետներ, կարծիքներ, որոշակի մտածված գործողություններ՝ իրենց ռազմավարությունից շեղելու համար։
«Մենք մեր ռազմավարությունից չենք շեղվելու։ Միևնույն ժամանակ, հաշվի ենք առնելու, լսելու ենք բոլոր հնարավոր փաստարկները և մտահոգությունները։ Բայց նաև պետք է արձանագրեմ, որ վավերացրած կանոնակարգը նախատեսում է մտահոգությունները հասցեագրելու բոլոր մեխանիզմները»,- նշեց Փաշինյանը։