Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը կալանավորվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 10-ին, ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, դպրոցի աշխատակցին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե:
ՔԿ-ից հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցներից մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։
Ստորև ներկայացնում ենք ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածը:
Հոդված 201. Անառակաբարո արարք կատարելը
18 տարին լրացած անձի կողմից պոռնկագրական նյութ կամ առարկա, այդ թվում՝ տպագիր հրատարակություն, կինոյի կամ տեսաֆիլմի նյութ, էլեկտրոնային կրիչի վրա պահվող նյութ, պատկեր կամ պոռնկագրական բնույթի այլ առարկա 16 տարին չլրացած անձանց շրջանում տարածելը, ցուցադրելը, 16 տարին չլրացած անձի ներկայությամբ սեռական հարաբերությունը, մերկանալը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություն կատարելը, 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի զրույցը կամ 16 տարին չլրացած անձի մեջ սեքսուալ բնույթի ցանկություն առաջացնելուն ուղղված այլ արարքը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 198-րդ, 199-րդ կամ 200-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշները`
պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) 14 տարին չլրացած անձի նկատմամբ,
2) մի խումբ անձանց կողմից կամ
3) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով`
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը`
1) կատարվել է վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն,
2) կատարվել է 12 տարին չլրացած անձի նկատմամբ,
3) կատարվել է հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ,
4) կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից կամ
5) անզգուշությամբ առաջացրել է հոգեկան խանգարում կամ այլ ծանր հետևանք`
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով: