Հոկտեմբերի 25-ին կայանալիք Ջերմուկ համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելու է Վահագն Արսենյանը։ Այս մասին Aysor.am-ը տեղեկացավ ՔՊ-ի պաշտոնական կայքէջից: «Ջերմուկ գրուպ» ընկերության հիմնադիր նախագահ, ՀՀԿ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդի Վահագն Արսենյանը ներկայումս զբաղեցնում է Վայոց ձորի մարզպետի պաշտոնը:
Ավելի վաղ Արսենյանը հրաժարվել էր պատգամավորի մանդատից՝ նախընտրելով մարզպետի պաշտոնը:
«Հրաժարվել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ»,- գրել էր Արսենյանը:
Հավելենք, որ Վահագն Արսենյանը 4 տարի զբաղեցրել է Ջերմուկի համայնքապետի պաշտոնը:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 12-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արսենյանը նշանակվել էր Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, դեկտեմբերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն առաջադրել էր Արսենյանի թեկնածությունը: 2025 թվականի հոկտեմբերի 9-ին կառավարության որոշմամբ Արսենյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ։






































