Երևանն ակնկալում է Անկարայի աջակցությունը՝ խաղաղության պայմանագրին հնարավորինս արագ հասնելու համար․ Էրդողան

Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի ստորագրմանն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն՝ այդ ուղղությամբ անհրաժեշտ ջանքեր գործադրելով, Նյու Յորքում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

«Երբ նայում ենք պարոն Փաշինյանի մոտեցումներին, նա բացասական չի տրամադրված», — ասել է Էրդողանը՝ նշելով, որ Երևանն ակնկալում է Անկարայի աջակցությունը՝ խաղաղության պայմանագրին հնարավորինս արագ հասնելու համար։

«Մենք ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բոլոր հարցերը աստիճանաբար կլուծվեն, առկա խնդիրները կհաղթահարվեն՝ շեշտելով՝ երկու կողմերն էլ իրականում խաղաղության կողմնակից են։

«Ադրբեջանը նման սպասումներ ու ձգտումներ ունի։ Նման սպասումներ կան նաև Հայաստանում։ Մենք կարծում ենք, որ խաղաղության և հանգստության մթնոլորտը լավագույնը կլինի բոլորի համար։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորությունների դուռ կբացի երկու երկրների համար։ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես դրական ազդեցություն կունենա խաղաղ գործընթացի վրա»,- ընդգծել է Էրդողանը։

Երեկ Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

Հանդիպմանը հաջորդած հաղորդագրություններում նշվում է, որ կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ։

Երևանն ու Բաքուն հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի մոտ 80 տոկոսի շուրջ ընդհանուր հայտարարի են եկել։

Երևանն առաջարկում է ստորագրել համաձայնեցված դրույթները, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումներ մնացած հարցերի վերաբերյալ։ Բաքուն մերժում է Երևանի այս առաջարկը։

Ադրբեջանը պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ զգուշացնելով՝ հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։ Բաքուն խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։ Երևանն էլ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է որակում։

Սակայն, սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե ՀՀ Սահմանադրական դատարանը որոշի, որ Խաղաղության պայմանագիրը հակասում է Սահմանադրությանը, սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն՝ խաղաղության հասնելու համար։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031