Մեկ տարի առաջ ադրբեջանական ուժերը դաժան ռազմական գործողություն սկսեցին Լեռնային Ղարաբաղում, մի քանի օրվա ընթացքում արտաքսեցին 120,000 էթնիկ հայերի, որոնց համար այս տարածաշրջանը հազարամյակներ շարունակ տուն էր: Մի քանի մակերեսային հայտարարություններից բացի, միջազգային հանրությունը ոչինչ չարեց Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար։ Այժմ այն եզակի հնարավորություն ունի իրավիճակը շտկելու: Այս մասին գրել է ամերիկյան The National Interest հանդեսը:
Աղբյուրը հիշեցնում է, որ նոյեմբերի 11-22-ն Ադրբեջանը հյուրընկալելու է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխությունների հարցերով գագաթնաժողովը (COP29), որը Բաքուն փորձելու է օգտագործել իր հեղինակությունը «փայլեցնելու» և իրեն որպես տարածաշրջանում առաջատար դրսևորելու նպատակներով: Սակայն ինչպես նշում է հոդվածի հեղինակ Թոմաս Բեքերը (Մարդու իրավունքների համալսարանական ցանցի իրավական և քաղաքական հարցերով տնօրեն, Կոլումբիայի իրավաբանական դպրոցում և Ուեսլեյան համալսարանում մարդու իրավունքների դասախոս), իրավապաշտպան համայնքն ի դեմս գագաթնաժողովի հնարավորություն է տեսնում վերջապես ուշադրությունը սևեռելու Ադրբեջանի չափազանց օդիոզ ռեժիմին, որը շարունակում է ագրեսիա պլանավորել Հայաստանի դեմ և չարաշահումներ թույլ տալ սեփական ժողովրդի նկատմամբ:
«COP29-ը կարող է հաթակ ծառայել պետական մակարդակի մասնակիցների համար՝ ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա, որպեսզի երկիրը դադարեցնի չարաշահումները, ինչպես նաև կոնկրետ ճանապարհ առաջարկի իրենց հայրենիքից վտարված բազմաթիվ մարդկանց», — գրում է The National Interest-ը:
Հոդվածագիր Թոմաս Բեքերն այնուհետև անդրադառնում է Արցախյան հիմնախնդրի պատմությանը, ներկայացնում 2020-ի պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը ու նախորդ տարի Բաքվի զանգվածային հարձակումն Արցախի Հանրապետության վրա, ինչի հետևանքով այն ամբողջովին անցավ Ադրբեջանի օկուպացիայի տակ:
«Տարածքի զավթումն անողոք էր. ադրբեջանական ուժերը ոչնչացրել են գյուղերը, խոշտանգել բանտարկյալներին և գլխատել նրանց, ովքեր չափազանց հիվանդ կամ տարեց էին փախչելու համար: Թեև հրադադարը հաստատվել է, բայց Ադրբեջանի դաժանությունը չի հանդարտվել: Մենք Մարդու իրավունքների համալսարանական ցանցում (UNHR) անցած չորս տարին անցկացրել ենք՝ հետաքննելով այս և այլ չարաշահումները, որոնք հանգեցրել են անցյալ տարվա էթնիկ զտումներին: Հարվարդից, Օքսֆորդից, UCLA-ից, Ուեսլեյանից և Յեյլից մեր թիմն իրականացրել է յոթ փաստահավաք առաքելություն Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, որոնցից ամենավերջինը տեղի է ունեցել վերջին ամսում: Վերջերս մենք հրապարակեցինք 200 էջանոց զեկույց մեր ուսումնասիրած վայրագությունների մասին, այդ թվում՝ սրասափելի խոշտանգումների, սպանությունների, անհետացումների, դիակների խեղման, եկեղեցիների ու գերեզմանատների ավերման վերաբերյալ: Այս չարաշահումները Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչությանը ոչնչացնելու Ադրբեջանի ավելի լայն արշավի մի մասն են: Այս քաղաքականությունը բացահայտորեն քարոզվում է Ադրբեջանի ղեկավարության կողմից: Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը հայերին անվանում է «առնետներ», «շներ» և «բարբարոսներ», որոնք վարակված են «վիրուսով», որոնք «բուժվելու կարիք ունեն»», — նշում է իրավապաշտպանը:
Բեքերը հիշեցրել է, որ անցյալ տարվա էթնիկ զտմանը նախորդող շաբաթների ընթացքում հանդիպել է ԱՄՆ պաշտոնյաների հետ՝ նախազգուշացնելու մոտալուտ տեղահանման մասին: ՄԱԿ-ը հրապարակել է տարածաշրջանում ցեղասպանության վտանգի մասին զեկույց: Այլ ցեղասպանագետներ նույնպես ահազանգել են. Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազը, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի հատուկ խորհրդականը, Genocide Watch-ը և Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը բոլորը առանձին զգուշացումներ են արել Ադրբեջանի գործողությունների ցեղասպանական բնույթի մասին:
«Ցավոք, մեր ահազանգերն անտեսվեցին, և անցյալ տարվա սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարվածներ հասցրեց… Թեև Ալիևը մերժում է Freedom House-ի կամ UNHR-ի նման կազմակերպությունների դատապարտումը, սակայն նրան մտահոգում է իր հեղինակությունը համաշխարհային առաջնորդների շրջանում, հատկապես Եվրոպայում, որը հանդիսանում է Ադրբեջանի հանածո վառելիքի հիմնական գնորդը: Նավթի և գազի արդյունահանումը կազմում է Ադրբեջանի արտահանման եկամտի 92,5 տոկոսը, ուստի Ալիևի քաղաքական գոյատևումը կախված է նրա հեղինակությունից այնպիսի ֆորումներում, ինչպիսին COP29-ն է…
Համաժողովը կարող է վերջին հնարավորությունը լինել միջազգային հանրության համար՝ դատապարտելու Ադրբեջանին և կանխելու Լեռնային Ղարաբաղի բնակչության ամբողջական ջնջումը։ Նրանք, ովքեր փախել են, պետք է վերադառնալու հնարավորություն ստանան կամ զգալի փոխհատուցում: Միջազգային հանրությունն իր պարտքը տալու հազվագյուտ հնարավորություն ունի. Ինչպե՞ս այն կարձագանքի», — եզրափակել է հեղինակը:
Աղբյուր՝ Tert.am