Հայաստանում ստեղծվել է ամենաթողության լեգիտիմ խողովակ։ Կառավարության սեպտեմբերի 19-ի նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ցավոք, ունենում ենք միջադեպեր, պայթյուններ և, բնականաբար, մեր առաջին արձագանքը հետևյալն է․ «Մենք ի՞նչ ենք արել, ի՞նչ պետք է անեինք և արդյոք արել ենք այդ ամեն ինչը»։ Հետո դեպքի հետևից գնում ենք, տեսնում ենք, որ պետական մարմիններն իրենց օրենքով սահմանված գործառույթներն իրականացրել են, և դա ինչ-որ առումով դառնում է մեզ համար մխիթարանք: Բայց պայթյուն է տեղի ունեցել և մարդիկ են տուժել։ Այստեղ մենք գալիս ենք հայեցակարգային խնդրին և ամբողջական լուծման հետ ենք բախվում։ Մեր մոտեցումը մի կողմից ֆորմալացված է, մյուս կողմից՝ հիմնված խելամտության կանխավարկածի վրա։ Այդ կանխավարկածն այն է, երբ մարդուն ասում ենք՝ ձեռք չտաս, կպայթի, ուրեմն մարդը, բնականաբար, պետք է ձեռք չտա, որովհետև նրան պաշտոնապես զգուշացրել ենք, որ կպայթի։ Բայց սա բավարար չէ»,- ընդգծեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ վարչական նախազգուշացման միջոց կարող է կիրառվել մեկ, երկու, երեք անգամ, բայց չորրորդ անգամ պետք է կիրառվի հարկադրանքի միջոց, ընդհուպ՝ քրեական պատասխանատվություն։
«Եթե որևէ մեկին մենք երեք անգամ մի բան ասելու անհրաժեշտություն ենք ունեցել, չորրորդ անգամ պետք է գործի հարկադրանքի միջոցը, որ բացառվի սուբյեկտի կողմից չորրորդ անգամ նույն գործողությունը անելը, դա կլինի ապօրինի շինարարություն, վտանգավոր օբյեկտի շահագործում թե այլ բան»,- ասաց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ պետք է բացառվի նույն մարդու կողմից նույն գործողությունը մի քանի անգամ անելու հնարավորությունը, դրանից հետո պետք է գան հարկադրանքի միջոցներ, այդ թվում՝ քրեական պատասխանատվություն։
«Կոնկրետ վտանգավոր օբյեկտ է, գնում ենք՝ ասում՝ ձեռք չտաս, կպայթի։ Ինքը դատարան է դիմում, դատարանը վարույթ է ընդունում և քննարկում է։ Քննարկում է մեկ տարի, երկու, տարի, չորս տարի, հինգ տարի, անգամ այդ ընթացքում կարող են տեղի ունենալ բազմաթիվ միջադեպեր։ Հիմա գործելու է հակառակ տրամաբանությունը՝ գնացինք, ֆիքսեցինք. տեղում օբյեկտը կփակվի: Եթե դատարանում պարզվի, որ մենք սխալ ենք փակել, մենք մարդկանց կրած վնասը դատական կարգով կհատուցենք, բայց ավելի լավ է այսպիսի ռիսկ մենք մեզ համար առաջացնենք, քան թե ռիսկ առաջացնենք, որ մարդիկ զոհվեն»,-եզրափակեց Փաշինյանը։