ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահն ասել է, որ թույլ տալ Ուկրաինային հարվածել Ռուսաստանին արևմտյան հեռահար հրթիռներով «քաղաքական բանավեճ է», բայց ռազմական տեսանկյունից դա կլինի Կիևի օրինական իրավունքների սահմաններում:
Նիդեռլանդների ռազմածովային ուժերի ծովակալ Ռոբ Բաուերը «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ սահմանափակումների վերացումը այն հարցը չէ, որը քննարկում է ՆԱՏՕ-ն, սակայն իր՝ որպես ռազմական առաջնորդի կարծիքով՝ պատասխանը «այո» է։
«ՄԱԿ-ի կանոնադրության և զինված հակամարտությունների մասին օրենքի համաձայն՝ եթե որևէ պետության կողմից հարձակման ենթարկվեք, ապա ձեզ թույլատրվում է պաշտպանվել», — ասել է Բաուերը, — «Այս պաշտպանությունը կանգ չի առնում ձեր սահմանների վրա։ Ձեզ թույլատրվում է իրականում հարձակվել թշնամու վրա իր սեփական տարածքում»:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Սպիտակ տանը հանդիպեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ քննարկելու, թե արդյոք պետք է հաստատի Կիևի խնդրանքը՝ Ռուսաստանի թիրախների դեմ հեռահար հրթիռներ օգտագործելու վերաբերյալ:
Շաբաթվա սկզբին էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Արևմուտքը «պատերազմի» մեջ կմտնի Ռուսաստանի հետ, եթե թույլ տա Ուկրաինային հարվածել արևմտյան արտադրության հեռահար հրթիռներով, իսկ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը շեշտեց, թե այդ դեպքում Ռուսաստանը կարող է ոչնչացնել Ուկրաինայի մայրաքաղաքը սովորական սպառազինությամբ։