«Էրեբունի» բժշկական կենտրոնը ամերիկյան Varian ընկերության հետ համատեղ կառուցել է տեսակով եզակի ռադիոթերապիայի կենտրոն՝ հագեցած ճառագայթային թերապիայի, ռադիովիրաբուժության, և ռադիոիզոտոպային վերջին սարքավորումներով։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ բարորակ և չարորակ նորագոյացություններ ունեցող բուժառուներին արմատական բուժման ծառայություններ առաջարկող կենտրոնի բացման արարողությանը, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 13-ին, ներկա էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առողջապահական ոլորտի պատասխանատուներ և ներկայացուցիչներ, արտասահմանցի գործընկերներ։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գնահատմամբ՝ ռադիոթերապիայի կենտրոնի շնորհիվ Հայաստանում հասանելի են դառնում նորագոյացությունների բուժման հիմնական ծառայությունները։
«Սա արդյունքն է պետություն-մասնավոր հատվածի համագործակցության, որովհետև մեր քաղաքականությունն է մշակել ստանդարտներ, ներդնել նոր ծառայություններ, պետական պատվերով գնել այդ ծառայությունները քաղաքացիների համար։ Բացի այդ, ես նկատում եմ, որ ապահովագրության ներդրման գործընթացը խթանել է, որպեսզի մասնավոր հատվածը ներդրումներ անի, ապահովում՝ ժամանակակից ծառայություններ։ Միայն այս երկու գործընկերների լավ համագործակցությամբ կարող ենք լավ արդյունքի հասնել»,-ասաց Ավանեսյանը՝ հավելելով, որ նորաբաց բուժհաստատությունը ակտիվ համագործակցելու է Ֆանարջյանի անվան ազգային ինստիտուտի հետ, որովհետև անհրաժեշտ իզոտոպների գնումը նաև պետական հիմնարկից է իրականացվում։
«Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի տնօրեն Կոնստանտին Ղալումյանը ներկայացնելով Ճառագայթային բուժման համար նախատեսված վերջին սերնդի սարքավորումը համոզմունք հայտնեց, որ ճառագայթային թերապիայով բուժում ստանալու համար այլևս բուժառուները կարիք չեն ունենա արտասահման մեկնելու։
Նա չբացառեց, որ տարածաշրջանում տեսակով եզակի սարքավորումը նույնիսկ խթան կհանդիսանա, որպեսզի հենց արտասահմանից բուժառուներն այցելեն կենտրոն։
Տնօրենի խոսքով՝ կենտրոնի առաջին հարկը նախատեսված է ճառագայթային բուժման, իսկ երկրորդը՝ իզոտոպային ախտորոշման ծառայությունների։
«Կենտրոնը հագեցած է աշխարհահռչակ Varian ընկերության 3 գծային արագացուցիչներով, որոնք նախատեսված են դիստանցիոն ճառագայթային բուժման նպատակով։ Դրանցից երկուսն իրենց վրա վերցնում են ամբողջ ծավալը և ունենք նաև ռադիովիրաբուժություն, որի համար նույնպես Varian ընկերության սարք տեղադրված։՝ 2024 թվականի ամենավերջին ծրագրային հագեցվածությամբ»,-մանրամասնեց Ղալումյաննն ավելացնելով, որ կենտրոնում առկա է նաև ներխոռոչային ճառագայթման համար նախատեսված սարքավորում։
Բացման հանդիսավոր արարողությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ներկաները շրջայց կատարեցին կենտրոնում՝ ծանոթանալով ստեղծված պայմաններին ու սարքավորումների հնարավորություններին։