Ուկրաինան հայտնել է, որ Իրանի բարձրաստիճան դիվանագետին կանչել է արտգործնախարարություն և զգուշացրել նրան երկկողմ հարաբերություններում «ավերիչ և անշրջելի հետևանքների մասին», եթե պարզվի, որ Թեհրանը Մոսկվային բալիստիկ հրթիռներ է մատակարարել։
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ CNN-ը և The Wall Street Journal-ն անցյալ շաբաթ, վկայակոչելով աղբյուրների, հայտնել էին, թե Իրանը փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է մատակարարել Ռուսաստանին։
Ուկրաինայի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ կանչել է Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Շահրիար Ամուզեգարին, և նրան «կոշտ ձևով» նախազգուշացրել նման տեղեկությունների ճշմարտացիության դեպքում երկու երկրների հարաբերություններում լուրջ հետևանքների մասին։
Երեկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատար Ֆազլոլլահ Նոզարին հայտարարել էր, որ ոչ մի հրթիռ չի ուղարկվել Ռուսաստան, և նման հայտարարությունները որակել էր որպես «հոգեբանական պատերազմ»։
«Իրանը չի սատարում ռուս-ուկրաինական հակամարտության որևէ կողմի», — ասել էր Նոզարին։
Արևմտյան և ուկրաինական պաշտոնյաներն անցյալում թերահավատությամբ են վերաբերվել նման հերքումներին՝ նշելով, որ բավական շատ փաստեր կան, որ Իրանը զենքեր, օրինակ՝ «Շահեդ» անօդաչուներ է մատակարարում Ռուսաստանին։ Եվրոպական Միության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Պետեր Ստանոն էլեկտրոնային փոստով պատասխանել է թեմայի շուրջ հարցին։
«Մենք տեղյակ ենք այն վստահելի տեղեկությունների մասին, որ տրամադրել են դաշնակիցները իրանական բալիստիկ հրթիռների՝ Ռուսաստան մատակարարման վերաբերյալ», — գրել է նա։
Ստանոն հավելել է, որ ԵՄ ղեկավարները նախկինում հստակ ասել են, որ «արագ և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ կարձագանքեն նման քայլին, այդ թվում՝ Իրանի դեմ նոր և զգալի սահմանափակող միջոցներով»։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նույնպես անդրադարձել էր այդ հրապարակումներին՝ նշելով, որ միշտ չէ, որ դրանք ճիշտ են։ Միևնույն ժամանակ նա ասել էր, որ Մոսկվան և Թեհրանը զարգացնում են համագործակցությունը բոլոր, այդ թվում՝ ամենազգայուն ոլորտներում։