Skip to main content

Այս պայմաններում իրատեսական չէ արցախցիների վերադարձը․ Սարգիս Խանդանյան

Խաղաղության պայմանագրի ստորագրումը հակամարտությունը կարգավորելու համար գործողություն է. դրա նպատակը տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն է, հետագայում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը և հարեւանությունը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ րտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք խաղաղության պայմանագրով Արցախի հարցը փակվում է:

«Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ իր հարեւաններից որեւէ մեկի նկատմամբ տարածքային պահանջներ չունի: «Խաղաղության պայմանագրում» դա եւս ամրագրվում է փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին սկզբունքով: Ինչ վերաբերում է հումանիտար հարցերին, դրանք միշտ քննարկման ենթակա են տարբեր մակարդակներում: Մասնավորապես, ԼՂ-ի մեր հայրենակիցներին, դուք տեսնում եք, թե ինչ գործողություններ է ձեռնարկում Հայաստանի կառավարությունը»,- ընդգծեց ՔՊ-ական պատգամավորը:

Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, թե իրատեսական չի համարում արցախցիների վերադարձի իրավունքի իրացումն այնպես, ինչպես դա պատկերացնում են Արցախի ղեկավարները, Խանդանյանն ասաց. «Շատ բարդ էր իրավունքների հարցը լուծել տարբեր պատճառներով: Ես եւս կարծում եմ, որ այս պայմաններում իրատեսական չէ արցախցիների վերադարձը: Ես չեմ կարծում, որ մենք հիմա այս պահին կարող ենք քննարկել այդ հարցը, այն էլ հրապարակային: Անվտանգության հարցն է ամենակարեւորը, որը դեռ լուծում չունի: Հայաստանի անվտանգությունն է դեռ շատ վտանգված, եւ այս պայմաններում խաղաղության պայմանագրի կնքումը Հայաստանի համար առաջնահերթություն է»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930