Ինչպես օգտվել MyTAX բջջային հավելվածից. մանրամասնում է Պետական եկամուտների կոմիտեն

Հայաստանում սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները։ ՀՀ տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են ՊԵԿ համակարգին և տրամադրում են էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն առանձնացրել է 10 պարզ քայլ՝ ինչպես անհատ տաքսի վարորդները պետք է գրանցվեն MyTAX բջջային հավելվածում, գեներացնեն և տրամադրեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։

Քայլ 1

Ներբեռնել հավելվածը

Եթե անհատ տաքսի վարորդ եք, ապա ՊԵԿ համակարգին միանալու և էլեկտրոնային ՀԴՄ գեներացնելու համար պետք է ներբեռնեք MyTAX հավելվածը Apple App Store-ից՝ iOS-ի համար՝ https://apps.apple.com/am/app/my-tax-armenia/id6633438781 և Google Play Store-ից Android-ի համար։

Քայլ 2

Մուտք գործել համակարգ

ՀՀ քաղաքացիները հավելված մուտք գործելու համար պետք է սեղմեն «ՀՀ քաղաքացի» կոճակը և մուտք գործեն «Ես եմ» համակարգի միջոցով, իսկ օտարերկրյա քաղաքացիները պետք է սեղմեն «Օտարերկրացի» կոճակը, ապա մուտք գործեն ՀՎՀՀ-ով և օգտվողի անուն-գաղտանաբառով։

Քայլ 3

Ընտրել մուտքի տարբերակը

«Ես եմ» համակարգի միջոցով մուտք գործելու համար անհրաժեշտ է համաձայնություն տալ համակարգի պայմաններին, սեղմել մուտք «Ես եմ» համակարգի միջոցով կոճակը և ընտրել նույնականացման տեսակը՝ բջջային նույնականացման քարտ։

Քայլ 4

Անցնել նույնականացում

Մուտքագրեք հեռախոսահամարը, որի համար նախապես ակտիվացրել եք բջջային նույնականացման ծառայությունը։ Սեղմեք «Մուտք» կոճակը, որից հետո մուտքը հաստատելու համար անմիջապես Ձեր հեռախոսին կստանաք հաղորդագրություն, որտեղ պետք է հավաքել PIN կոդը։

Քայլ 5

Ակտիվացնել մուտքը

Հետագայում հավելված մուտք գործելու համար բջջային նույնականացման գործընթացը կրկին չանցնելու համար կարող եք հավելվածում սահմանել PIN ծածկագիր կամ օգտվել բիոմետրիկ կամ կենսաչափական նույնականացումից։

Քայլ 6

Ստանալ ՀՎՀՀ

Տաքսի ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ է հաշվառվել հարկային մարմնում՝ ստանալով ՀՎՀՀ։ Այն կարող եք ստանալ հենց նույն հավելվածի միջոցով՝ առանց որևէ դիմում ներկայացնելու։ Պարզապես, գլխավոր էջից սեղմեք «Տաքսի ծառայություն» կոճակը, ապա բացված պատուհանում՝ «Ստանալ» կոճակը։ Վերջ, Դուք ունեք ՀՎՀՀ։

Քայլ 7

Ավելացնել մեքենա

«Տաքսի ծառայություն» էջում սեղմեք «Իմ մեքենա» կոճակը և մուտքագրեք այն մեքենայի պետհամարանիշը և հաշվառման վկայագիրը, որով մատուցում եք տաքսի ծառայություն։ Նույն մեքենայով հաջորդ անգամ պատվերներ կատարելիս այլևս կարիք չի լինի կրկնել այս գործողությունը։

Քայլ 8

Ձևավորել ՀԴՄ կտրոն

Տաքսի ծառայության յուրաքանչյուր պատվերն ավարտելուց հետո անհրաժեշտ է «Տաքսի ծառայություն» էջում սեղմել «Ստեղծել նոր կտրոն» կոճակը՝ էլեկտրոնային ՀԴՄ կտրոն ձևավորելու և պատվիրատուին այն տրամադրելու համար։

Քայլ 9

Գեներացնել ՀԴՄ կտրոն

Հաջորդիվ պետք է գեներացնել էլեկտրոնային ՀԴՄ կտրոնը, որի գործընթացը շատ պարզ է․ պետք է մուտքագրել գումարը, ընտրել վճարման տեսակը՝ կանխիկ կամ անկանխիկ և սեղմել «Հաստատել» կոճակը։

Քայլ 10

Ուղարկել ՀԴՄ կտրոնը

Էլեկտրոնային ՀԴՄ կտրոնը գեներացնելուց հետո այն կարող եք փոխանցել պատվիրատուին՝ իր նախընտրած առցանց տարբերակներից որևէ մեկով՝ էլեկտրոնային փոստ, Viber, WhatsApp և այլ հավելվածներ կամ սկանավորելով կտրոնի վրա առկա QR կոդը։

Վերջ, գործընթացն ավարտված է։Հավելվածի «Տաքսի ծառայություն» էջում հնարավորություն ունեք տեսնելու Ձեր կողմից գեներացված բոլոր ՀԴՄ կտրոնները։ Հաջորդ պատվերների ժամանակ այս քայլերը նորից անցնելու կարիք չկա՝ գլխավոր էջում, պարզապես, սեղմեք «Նոր կտրոն» կոճակը և գեներացրեք կտրոնը՝ լրացնելով պահանջվող տվյալները։

Քայլ առ քայլ ուղեցույցն՝ այստեղ։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031