ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ երկու երեխաների մահվան ելքով ավտովթարի հանգամանքները քրեական վարույթի շրջանակներում պարզվում են:
«2024 թվականի սեպտեմբերի 2-ին՝ ժամը 22:00-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոմայրուղու Զանգակատան հատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով կան տուժածներ:
Կատարված ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21:45-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 70.5-րդ կիլոմետրի հատվածում բախվել է դիմացից ընթացող «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի հետնամասին, որի հետևանքով «Մերսեդես»-ի ուղևորներից մեկը՝ 10 տարեկան աղջիկ երեխան, տեղում մահացել է, իսկ 3 ամսական տղան՝ «Արարատ» Բ/Կ տեղափոխելու ճանապարհին (վերջիններս վարորդի զավակներն են)։
Իսկ վարորդը և 2 ուղևորը, որոնցից մեկը՝ վարորդի կինը, մյուսը՝ 5-ամյա դուստը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն: Մոր վիճակը ծայրահեղ ծանր է, դստեր վիճակը՝ ծանր։
Դեպքի առթիվ սեպտեմբերի 2-ին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) նախաձեռնվել է քրեական վարույթ:
Իրականացվել է դեպքի վայրի և վթարված ավտոմեքենաների զննություն: Ստուգվել է վարորդների սթափությունը, պարզվել է, որ նրանք գտնվում են սթափ վիճակում:
Նշանակվել են դիակների դատաբժշկական, ինչպես նաև ավտոտեխնիկական փորձաքննություններ։
Ավտովթարի հանգամանքները պարզելու նպատակով իրականացվում են անհրաժեշտ, անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Մերսեդես»-ը․ զոհվել են երեխաներ, կան տուժածներ: