Սևանի շուրջ երկօրյա հեծանվավազքը արժեցել է մոտ 40 հազար դոլար.կնքվել է երկու պայմանագիր.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Armlur.am-ն արդեն տեղեկացրել էր, որ «փաշինյանական հեծանվավազքը» ՀՀ պետական բյուջեի վրա արժեցել է գրեթե 15 մլն դրամ։ Մոտ 50 անձ հեծանիվ է վարել, բայց 100 անձրեւանոց են գնել բյուջեի հաշվին եւ 100 անձի կերակրել 2 օր:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ հարկատուների՝ «Հայաստանի Հանրապետության հերոսի» գրպանից փոխանցված հարկերի հաշվին մոտ 40 հազար ԱՄՆ դոլար է արժեցել Սեւանի շուրջ երկօրյա հեծանվավազքը։

Տեղեկացանք, որ վարչապետի աշխատակազմի եւ «Էլյա Ավագյան» ԱՁ-ի միջեւ կնքվել է միջոցառումների համար ծառայությունների մատուցման 2 պայմանագիր։ Օգոստոսի 24-25-ը առաջին պայմանագրով ծախսվել է 9 մլն 604 հազար դրամ, 2-րդ պայմանագրով՝ 5 մլն 34 հազար դրամ։

Առաջին պայմանագրով նախատեսված է եղել 6 (3×3) վրանի վարձույթ 5 տարբեր կետերում, բիոզուգարանների վարձույթ՝ քանակով՝ 36, 6 տարբեր կետերում, 200 վերնաշապիկի, 100 ուսապարկի, 110 անձրեւապաշտպանի վարձույթ, թեպետ կադրերում վրաններն ակնհայտորեն ավելի շատ էին. ինչ միջոցներով՝ անհայտ է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պայմանագրով գումար է հատկացվել նաեւ ցուցանակների/կողմնորոշիչների տպագրության, դեկորատիվ շղթայված լույսերի ապահովման (600մ), գեներատորի վարձույթի (30 կվտ) եւ վառելիքի ապահովման, տանձանման 70 պուֆերի (փափկաթոռների) վարձույթի, տրանսպորտային եւ պահնորդական ծառայությունների, ներառյալ՝ սպասարկող անձնակազմի եւ բանվորական ուժի համար:

Փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո «Ժողովուրդ» օրաթերթը Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութը ուսումնասիրեց։ Տեսանյութում խոշոր պլանով երեւացող կադրերը իլյուզիա են՝ խաբկանք, քանի որ վերեւից՝ հեռակառավարվող դրոնով արված կադրերից ակնհայտորեն երեւում է ամբողջ խմբի տեղաշարժը եւ ապացուցում, որ հեծանվավազքի մասնակիցները հազիվ 50 հոգի են՝ անվտանգության եւ շտապօգնության աշխատակիցներն էլ ներառյալ։

Այս դեպքում հարցական է՝ ում համար է 110 անձրեւապաշտպան գնվել, 200 վերնաշապիկ եւ այլն:

Բայց շարունակենք փաստաթղթերի ուսումնասիրությունը. հաջորդ՝ 2-րդ պայմանագիրը, որի արժեքը կազմել է 5 մլն 34 հազար դրամ, նախատեսված է եղել 100 անձի սնունդ մատուցելու սպասարկման համար։ Պայմանագրով սահմանվում է նաեւ հատկացում՝ սպասարկող անձնակազմի եւ տրանսպորտային ծառայությունների համար։ Անհրաժեշտ է ապահովել 100 անձի համար նախաճաշ, ճաշ 2 օր եւ ընթրիք՝ 1 օր։:

Իսկ որքանո՞վ է արդարացված 100 անձի 2 օրվա սննդի (նախաճաշ, ճաշ եւ ընթրիք) համար ծախսել 5 մլն դրամ: Ստացվում է, որ յուրաքանչյուր անձի սննդի համար 50 հազար դրամ է հատկացվել. դրսում, վրանի տակ 50.000 դրամ՝ միայն սննդի համար: Այդքան գումարով Սեւանա լճի շատ հյուրանոցներից կամ հյուրատներից կարելի էր օգտվել:

Երեւանի միջին գնային սանդղակ ունեցող յուրաքանչյուր ռեստորանում 100 հոգու համար 5 մլն դրամ կծախսվի 5, գուցե նաեւ՝ ավելի օրերում:
Հեղափոխական իշխանությունը, ընտրվելուց հետո, խոստանում էր բաց եւ թափանցիկ աշխատել, սակայն, կարծես թե, չի ստացվում։
100 անձի համար պետբյուջեից 15 մլն է դուրս գրվում, երբ 100 մարդ չկար անցկացվող հեծանվավազքին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավանություն չի տալիս Իրանի լիակատար ոչնչացման գործողություններին, բայց նաև չի աջակցում տարածաշրջանի երկրների նկատմամբ Իրանի պատասխան դիրքորոշմանը։ Այս մասին նա ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Էրդողանը նաև հայտարարել է, որ «եթե Իսրայելի կողմից Գազայում և այլուր օրենքի նկատմամբ անտեսումը չդադարեցվի, տարածաշրջանը կշարունակի խաղաղության կարիք ունենալ»։

UFC-ի կիսամիջին քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը մանրամասնել է, թե ինչու է խափանվել թեթև քաշային կարգի գործող տիտղոսակիր, Իլիա Թոփուրիայի հետ նախատեսված իր մենամարտը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թոփուրիան կգլխավորի Սպիտակ տանը կայանալիք UFC-ի մրցաշարը, որտեղ ուժերը կչափի Ջասթին Գեյջիի հետ։ «Ես հոգնել եմ Թոփուրիայի և նրա թիմի հորինված պատմություններից։ Ինձ զանգահարեցին և մենամարտ առաջարկեցին Սպիտակ տանը։ Ես համաձայնեցի։ Հաջորդ օրն ինձ տեղեկացրին, որ նա անիրատեսական հոնորար է պահանջել։ UFC-ն մերժեց պայմանները, և նա հրաժարվեց մենամարտից։ Այսքանը, ուրիշ ոչինչ։ Նույնիսկ նրա մենեջերն է դա հաստատել։ Իլիա՛, հերիք է շատախոսես։ Ամեն հարցազրույցում դու մի նոր պատմություն ես պատմում։ Դու ես հրաժարվել մենամարտից, և դու դա շատ լավ գիտես»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մախաչևը։ Հիշեցնենք, որ Իսլամ Մախաչևն MMA-ում անցկացրել է 29 մենամարտ և տարել 28 հաղթանակ։ Իլիա Թոփուրիայի ակտիվում գրանցված է 17 հաղթանակ՝ անցկացրած նույնքան մենամարտերում։

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930