Skip to main content

ԱԼ․ Պորտուգալիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթել է Նորվեգիային

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026/2027 մրցաշրջանի A լիգայի 4-րդ խմբում կայացան 4-րդ տուրի հանդիպումները։

Գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը Պորտուի «Դրագաու» մարզադաշտում ընդունել էր Նորվեգիային և առանց թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի կարողացավ կամային հաղթանակ տոնել 2:1 հաշվով։

Խաղի 36-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Քրիստոֆեր Այերը, սակայն ընդամենը երկու րոպե անց Ժոաու Կանսելուն վերականգնեց հավասարությունը։ Պորտուգալացիներին հաղթանակ պարգևեց Գոնսալու Ռամուշը՝ աչքի ընկնելով 79-րդ րոպեին։

Ընդ որում, իտալացի մրցավար Մաուրիցիո Մարիանիի սպասարկած հանդիպումը դաշտի տերերն ավարտեցին 10 հոգով. 86-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ կիսապաշտպան Շիկու Կոնսեյսաուն։

Խմբի մյուս խաղում Դանիայի ընտրանին հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասավ Ուելսի նկատմամբ։ Քարդիֆի համանուն մարզադաշտում կայացած խաղի միակ գոլը 75-րդ րոպեին 11-մետրանոցից հեղինակեց դանիացիների հարձակվող Ռասմուս Հոյլունդը։

Այս տուրից հետո 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակը 12 միավորով բացարձակ արդյունքով գլխավորում է Պորտուգալիան։ Դանիան 6 միավորով երկրորդն է, իսկ Ուելսն ու Նորվեգիան վաստակել են 3-ական միավոր և բաժանում են 3-4-րդ հորիզոնականները:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031