Օգոստոսի 22-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, «BMW» մակնիշի ավտոմեքենան Սարդարապատ գյուղում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգու էլ «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկաններն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը:
Վթարի ենթարկվելուց հետո, ըստ քաղաքացիների, «BMW»-ի միջից քաղաքացին շպրտվել է, և նրա վրայով ավտոմեքենա է անցել: Այդ տեղեկությունը ոստիկանությունն ու քննչական վարչությունը նույնպես պարզում են:
Քննիչի հանձնարարականով՝ «BMW»-ն և ենթադրյալ՝ քաղաքացու վրայով անցնող ավտոմեքենան տեղափոխվել են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք: