Սույն դատական գործի շրջանակներում ողջամիտ ժամկետներն արդեն 4 տարի է խախտվել են. Օրբելյանը՝ Թովմասյանի դատական նիստի մասով

Սույն դատական գործի շրջանակներում ողջամիտ ժամկետներն արդեն 4 տարի է խախտվել են, որովհետև սույն քրեական գործն ընդհանրապես չէր կարող վարույթ ընդունվել ու քննության առարկա դառնալ։ Այս մասին այսօր արդարադատության նախկին նախարար, ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Թովմասյանի պաշտպան Արամ Օրբեյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե մեղադրող կողմը հայտարարել է, որ պաշտպանական կողմը դիտավորյալ ձգձգում է դատական նիստը։

«Քննության առարկա դառնալուց հետո մի շարք միջնորդություններ, որոնք ենթադրում էին սույն քրեական գործի ավարտ, չեն քննարկվել, հետաձգվել ու առանց քննության են թողնվել, որից հետո դատաքննությունն ամբողջությամբ տեղի է ունեցել, հետազոտվել են ապացույցներ։

Սույն քրգործի շրջանակներում ներկայացվել է առնվազն երկու միջնորդություն ՍԴ գործող նախագահի, իսկ հետո դատավորի անձեռնմխելիության հաղթահարված չլինելու հետ կապված, դատարանը չի արձանագրել, որ հաղթահարվել է կամ չկա անձեռնմխելիություն և հաղթահարելու կարիք էլ չկա, կամ Հրայր Թովմասյանը, ենթադրենք, չունի անձեռնմխելիություն ենթադրող կարգավիճակ, այլ ուղղակի ասել է՝ քննությունը չենք անում, վերջում կանդրադառնանք։

Գործի շրջանակներում ներկայացվել է հստակ դիրքորոշոում, որ սույն քրեական գործը արդարադատություն իրականացնելու հետ որևէ առնչություն չունի, ստեղծվել է բացառապես ՍԴ-ում փոփոխություններ իրականացնելու համար», — ասաց Օրբելյանը՝ շեշտելով, որ նման գործընթացները չեն հաջողվել որևէ զարգացած երկրում, մինչդեռ Հայաստանում դրանք փորձում են կյանքի կոչել։

Փաստաբանի խոսքով՝ վերջին միջնորդությունը, որը ներկայացնելու պահին գործը պետք է կարճվեր, եղել այն մասով, որ գործը հարուցվել է անանուն գրության հիման վրա, ինչը խախտում է։

«Անանուն տեղեկատվության հիման վրա քրեական գործ չի կարող հարուցվել։ Գործը ոստիկանությունում մակագրվել է մի ծառայողի, քրեական գործը հարուցել է այլ ծառայող, հարուցել է ժամկետների խախտումով։ Որոշման մեջ նշված են ինչ-որ բացատրություններ, որոնք գործում չեն եղել։ Երբ մատնանշեցինք, ասացին, որ առանձնացված ինչ-որ մի տեղ ունեն, բերեցին։ Հիմք ունեմ ենթադրելու, որ դատարան չեն ներկայացվել մի շարք այլ դատական ակտեր, որոնցով ուղղակիորեն բացառվում էր սույն գործի քննությունը։

Այս բոլորը հաշվի առնելով՝ այսօր խոսում են արդար դատաքննության ողջամիտ ժամկետների մասին։ Այս միջնորդություններից որևէ մեկին անդրադառնալու դեպքում գործը կկարճվեր վերջին անգամ երկու ամիս առաջ, առաջին անգամ՝ չորս տարի», — ասաց Օրբելյանը։

Անդրադառնալով ներկայացված ապացույցների որակին՝ Օրբելյանը նշեց, որ մարդիկ պարզապես իրենց արշինով են չափում այս գործընթացը։

«Ապացուցման կառուցվածքը մոտավոր հետևյալ ձևակերպումն ունի․ «Արդարադատության նախարարն ազդել է դատարանի վրա, որպեսզի մեր գործով կայացվի ի վնաս մեզ որոշում»։ Սա ասել է տուժողներից մեկը։ Հարցնում ենք՝ ինչի հիման վրա է այս ենթադրությունը, ասում է․ «Ես լինեի՝ կանեի»։ Սա են ապացուցման ստանդարտները», — նշեց նա։

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Դատական տեղեկատվական համակարգում ներկայացված մեղադրանքի համաձայն. «Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, կարգադրիչ լիազորություններով, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։ Բացի այդ Հրայր Թովմասյանը, նույն շահագրգռվածությամբ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն նախարարության մի խումբ պաշտնակատար անձանց հետ համակցությամբ՝ հարկադրվել է ՀՀ նոտարական պալատի նախագահին՝ պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել փաստացի իրեն պատկանող, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 շենքի 1-ին հարկում գտնվող անշարժ գույքը, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ նոտարական պալատի օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30