10 մլն դրամ գրավի դիմաց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ազատ է արձակվել:
Մեղադրանք է առաջադրվել նաև նրա երկու ենթականերին՝ նախկին իրավաբանին ու համայնքի գլխավոր ճարտարապետին։
Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ դատական ակտը ստանալուց հետո կդիտարկվի վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ասլանյանի խափանման միջոցը փոխվել է:
Ասլանյանը անազատության մեջ էր 2021 թվականի դեկտեմբերից:
Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Մամիկոն Ասլանյանը, 2016 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, դիտավորությամբ ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և կատարել պաշտոնական կեղծիք:
Վերջինս իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ըստ նրա՝ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։