Այսօր Բեռլինում Իսպանիայի և Անգլիայի հավաքականները վիճարկեցին 2024 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոնի տիտղոսը։
Առաջին խաղակեսում թիմերն այդպես էլ չկարողացան գտնել մրցակցի դարպասի բանալին․ ավելին՝ նույնիսկ որևէ վտանգավոր գոլային դրվագ չկարողացան ստեղծել։ Դարպասի ուղղությամբ առաջին հարվածն այս խաղում կատարեց Ֆոդենը, բայց Սիմոնը տեղում էր․ այդ դրվագն ավելացված առաջին րոպեին տեղի ունեցավ։ Թիմերն ընդմիջման գնացին, իսկ լուսատախտակին հաշիվն անփոփոխ էր՝ 0-0։
Հանդիպման երկրորդ խաղակեսն իսպանացիները շատ ակտիվ սկսեցին․ հենց մեկնարկում այս խաղում հաշիվը բացեց Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Նիկո Ուիլյամսը՝ աչքի ընկնելով Յամալի փոխանցումից։ Սա Յամալի 4-րդ գոլային փոխանցումն էր մրցաշարում։
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները գոլից հետո շարունակեցին ակտիվ գործել և կարող էին հաշիվը դարձնել ավելի խոշոր, սակայն անգլիացիներին փրկում էր կամ Պիկֆորդը, կամ իսպանացիների՝ գրոհն արդյունավետ ավարտին չհասցնելը։
Արդյունքում այս խաղում երկրոդ գոլը խփեցին Սաութգեյթի սաները։ Անգլիացիների կազմում պատասխան գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Քոուլ Պալմերը։ Ի դեպ՝ Պալմերն առաջին գոլը խփեց Անգլիայի հավաքականի կազմում։
Գոլից հետո իսպանացիները շարունակեցին ակտիվ գործել և դա տվեց իր արդյունքը․ 87-րդ րոպեին արդեն իսպանացիների կազմում փոխարինման դուրս եկած Միկել Օյարսաբալը գրավեց Պիկֆորդի դարպասը`2-1։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում այլևս գոլեր չգրանցվեցին և Իսպանիան ռեկորդային՝ չորրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Աղբյուր ArmSport.am