Հայաստանի ևս 3 ներկայացուցիչ ապահովել է իր մասնակցությունը Փարիզի Օլիմպիական խաղերին

Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանն այս պահի դրությամբ 15 ներկայացուցիչ ունի: Խաղերին մասնակցելու իրավունք են ստացել նաև լողորդներ Արթուր Բարսեղյանը, Վարսենիկ Մանուչարյանը և վազորդ Ալիսոն Հալվերսոնը: Նրանք իրենց ունակությունները կդրսևորեն 100 մետր տարածություններում. լողորդներ Արթուրը՝ ազատ ոճում, Վարսենիկը՝ բատերֆլայում, իսկ Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Ալիսոնը՝ արագավազքում: Օլիմպիական խաղերին մասնակցության հնարավորություն ունի նաև եռացատկորդ Լևոն Աղասյանը, եթե այսօր Կապանում անցկացվող միջազգային վարկանիշային մրցաշարում ցույց տա համապատասխան արդյունք։

Նշենք՝ Բելգրադում օրերս անցկացված ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունից հետո Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը հավաքել էին ամենաբարձր վարկանիշային միավորները՝ համապատասխանաբար 825 և 734 միավոր, ինչն էլ լողորդներին Փարիզ մեկնելու իրավունք է ընձեռել: Մինչ այս Փարիզ-2024-ի ուղեգիր էին ապահովել 12 մարզիկներ՝ հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը (օղակներ), ըմբիշներ Սլավիկ Գալստյանը (հունահռոմեական ոճ, 67 կգ), Մալխաս Ամոյանը (հունահռոմեական ոճ, 77 կգ), Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճ, 97 կգ), Արսեն Հարությունյանը (ազատ ոճ, 57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը (+102 կգ) և բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92 կգ)։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031