Բաքուն դատապարտում է սպառազինության ֆրանս-հայկական նոր գործարքը

Բաքուն դատապարտում է սպառազինության ֆրանս-հայկական նոր գործարքը, հայտարարելով, որ Հարավային Կովկասում «պատերազմի նոր օջախ ստեղծելու ողջ պատասխանատվությունը կրելու են Հայաստանի ղեկավարությունը և Մակրոնի բռնապետությունը»։

Ադրբեջանի ՊՆ-ն հատուկ հայտարարություն է տարածել, դրանում դատապարտել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցությունը, Երևանի կողմից ֆրանսիական սպառազինության ձեռքբերման նոր գործարքը։

«Չնայած ադրբեջանական կողմի նախազգուշացմանը, Ֆրանսիան Հայաստանին մահաբեր և հարձակողական հրետանի և այլ զինատեսակներ է մատակարարում, ինչը Հարավային Կովկասի տարածաշրջանում Ֆրանսիայի սադրիչ գործողությունների հերթական ապացույցն է», — ասված է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարության մեջ։

Հայաստանն ու ֆրանսիական KNDS ռազմարդյունաբերական ընկերությունը «Սեզար» հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագիր են ստորագրել։ Լուրը Ֆրանսիայի պաշտպանության նախարարն է այսօր հայտնել՝ նոր ռազմական տեխնիկայի ձեռքբերման պայմանագրի կնքումը կարևոր իրադարձություն որակելով։
«Սեզար»-ը 155 մմ տրամաչափի ինքնագնաց հաուբից է, որի հեռահարությունն առավել արդիական արկերի կիրառման դեպքում կարող է գերազանցել 55 կիլոմետրը: Այն ակտիվորեն կիրառվում է Ուկրաինայում ընթացող պատերազմում: Անցած դեկտեմբերին Ֆրանսիայի Սենատը կառավարությանը հորդորել էր հնարավորինս արագացնել Հայաստանին «Սեզար»-ների տրամադրման հարցը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30