ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Մարտակերտի քաղաքապետի ձերբակալությունից

2024 թվականի մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Մ. Շ-ն և Վ. Ս-ն նախնական համաձայնությամբ՝ խմբով, այլ անձի (անձանց) սեփականության իրավունքով պատկանող, խոշոր չափերով՝ 1.935.000 ՀՀ դրամ արժողության CHEVROLET LACETTI-1.4 մակնիշի, 2010 թվականի թողարկման թեթև մարդատար ավտոմեքենան խաբեությամբ հափշտակելու դիտավորությամբ, 2024 թվականի հունվարի 12-ին միասին ներկայացել են ավտոմեքենայի օտարման գործարք կատարելու պետական մարմին, որտեղ Վ. Ս-ն ներկայացնելով կեղծ տեղեկություններ վերոգրյալ ավտոմեքենան օտարելու լիազորություն ունենալու մասին, նույն օրը, առանց օրինական հիմքի, հանդես գալով պայմանագրի կողմեր՝ Վ. Ս-ն որպես նվիրատու, իսկ Մ. Գ-ն ՝ նվիրառու, կազմել են իրավաբանական նշանակության փաստ հավաստող կեղծ փաստաթուղթ՝ նվիրատվության պայմանագիր, որի արդյունքում գույքն ապօրինի օտարել են Մ․ Գ․-ին՝ այդ կերպ խաբեությամբ հափշտակելով 1.935.000 ՀՀ դրամ արժողության CHEVROLET LACETTI-1.4 մակնիշի վերոնշյալ ավտոմեքենան: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն:

Այսինքն՝ Մ․ Գ․-ն, նախնական համաձայնությամբ, խմբով, իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող կեղծ փաստաթուղթ կազմելու և օգտագործելու միջոցով առերևույթ կատարել է խոշոր չափերով գույքի հափշտակություն:

Ձեռք բերված տվյալների հիման վրա Մ. Գ-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով։
Նա ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է։ Քննություն է կատարվում՝ ինչպես նշված, այնպես էլ՝ այլ գույքերի, հնարավոր օտարման հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930