Վիզային սահմանափակումներ, համագործակցության վերանայում․ ԱՄՆ-ը Վրաստանի հարցով որոշում է կայացրել

Միացյալ Նահանգները վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի համար։ Պատճառը «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենքն է, որը Վրաստանի խորհրդարանն ընդունեց մայիսի 14-ին երրորդ՝ վերջին ընթերցմամբ։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նշել է, որ սահմանափակումները կտարածվեն այն անձանց ու նրանց ընտանիքի անդամների վրա, «ովքեր պատասխանատու ու մեղսակից են Վրաստանում ժողովրդավարության խաթարման համար»։ Սահմանափակումներից զերծ չեն մնա նաև «Վրաստանում բռնության միջոցով քաղաքացիական հասարակությանն ու խաղաղ հավաքների ազատությունը ճնշող անձինք ու նրանց ընտանիքի անդամները»։

Բլինքենը հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մշակել և ընդունել է օրենք, որը «կճնշի մարդանց ազատ արտահայտվելու իրավունքը, կթիրախավորի Վրաստանի քաղաքացիներին սպասարկող կազմակերպություններին և կխոչընդոտի անկախ լրատվամիջոցների աշխատանքը»:

Ընդգծելով, որ կսկսեն վերանայել նաև Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև երկկողմ համագործակցությունը՝ Բլինքենը հույս է հայտնել, որ Թբիլիսին կվերանայի օրենքի նախագիծը և քայլեր կձեռնարկի երկրի ժողովրդավարական և եվրաատլանտյան նկրտումներն առաջ տանելու համար։

«Մեր երկու երկրների հարաբերությունները վերանայելիս հաշվի կառնենք Վրաստանի գործողությունները՝ մեր սեփական որոշումները կայացնելիս», — եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարը։

Չնայած բողոքի բազմահազարանոց ակցիաներին և Թբիլիսիի միջազգային գործընկերների կոշտ քննադատությանն ու նախազգուշացումներին՝ մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանն երրորդ՝ վերջին ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենքը։ «Վրացական երազանք»-ի նախաձեռնության հաստատմանը կողմ քվեարկեց 150 պատգամավորներից 84-ը, դեմ՝ 30-ը։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբաիշվիլին հայտարարել էր, որ մտադիր է վետո դնել աղմկահարույց օրենքի վրա։

2023 թվականի գարնանը այս նույն օրենքն ընդունելու՝ «Վրացական երազանքի» փորձը բախվեց հանրային լուրջ դժգոհությունների և եվրոպական կառույցների կոշտ քննադատությանը։ Մի քանի օր շարունակված փողոցային բախումներից հետո իշխող կուսակցությունը ստիպված էր շրջանառությունից հանել այս օրինագիծը։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930