Օտար ուժերի թելադրմամբ Հայաստանում երբեք իշխանափոխություն տեղի չի ունենալու. Ալեքսանյան

Լեռնային Ղարաբաղի «օպերացիայի» կազմակերպիչները այս պահին փորձում են նույն «օպերացիան» ինչ-որ մի կերպ իրականացնել Հայաստանում:

Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Նա նախ շեշտեց, որ այդ կազմակերպիչները Հայաստանում չեն:

«ԼՂ-ի հետ կապված վարչապետը հայտարարեց, որ եթե իջեցնենք նշաձողը կարգավիճակի հետ կապված կունենանք միջազգային կոնսոլիդացիա: Եվրոպական հարթակում պետք է կազմակերպվեր ԼՂ-Ադրբեջան հանդիպում, որի ընթացում պետք է փորձեին ստանալ խաղաղ կարգավորում: Այն տերերը, որոնց ծառայում են տարատեսակ անձնավորություններ ՀՀ-ում թույլ չտվեցին, որ ԼՂ ներկայացուցիչները գնան Սոֆիա՝ մատ թափ տվեցին»,- նշեց նա:

Այնուհետև պատգամավորը հիշեցրեց՝ ինչպես ձախողվեց Սոֆիայում կայանալիք հանդիպումը Ադրբեջանի և ԼՂ ներկայացուցիչների միջև:

«Այն մարդիկ, ում ծառայում են շատ տարատեսակ անձնավորություններ Հայաստանում, չթողեցին, որ ԼՂ ներկայացուցիչները գնան Սոֆիա, արգելեցին, մատ թափ տվեցին, ասեցին՝ ձեռք եք առել ձեզ, ձեզ թվում է կարող եք գնալ Եվրոպա բանակցեք, չեք գնալու։ Այս ընթացքում ժամանակ հայաստանյան դաշտի իրենց կամակատարների հետ որոշակի աշխատանք էին տանում՝ ասելով, թե մենք 30 տարի դուրս չենք գալու ԼՂ-ից, գնացեք ասեք՝ Նիկոլ դավաճան, ՔՊ թուրքեր, մարդիկ ասեցին արեցին։ ԼՂ ազգային ժողովի շենքը, որ ցավոք սրտի այդ մարդկանց խելքից այսօր քանդվեց է, այդ շենքում հավաքվում էին այնպիսի կենացներ էին ասում, լսում էին, ասում էիր՝ էս ի՞նչ է, բայց մենք գիտեինք, թե ինչ է այնտեղ կատարվում, որ ԼՂ-ում կա շրջանակ, որ ռուս խաղաղապահների գալով մտածում էր՝ Նիկոլին հանենք, ու ամեն ինչ ընտիր է։ Մենք էլ ասում էինք, ամենայն հավանականությամբ շփոթվում եք, գնացեք Սոֆիա ու բանակցեք»,- ասաց Ալեքսանյանը՝ հավելելով, թե վերջիններս ոչ մի քայլ հետ չէին ուզում անել անկախությունից:

Դրան հաջորդեց ԼՂ նախագահին հրաժարական տալու պարտադրանքը, այնուհետև ընտրեցին մի մարդու, որը, ըստ Ալեքսանյանի, ամենաընդունելին էր ռուսական ներկայության համար Լեռնային Ղարաբաղում, ինչի արդյունքը եղավ այն, ինչ եղավ:

Նրա խոսքով՝ դրանից հետո ռուս խաղաղապահները կանգնած նայեցին, թե 120 հազար մարդ ոնց բռնի տեղահանվեց, ինչպես սպանվեցին մարդիկ: Դրանից հետո ՀՀ-ն տեսավ, որ իր դաշնակիցները չեն կատարում իրենց դաշնակցային պարտավորությունները:

«Ապացուցված փաստ է դա: Ու Հայաստանի Հանրապետությունը ասաց, որ իր բոլոր հարևանների հետ, այդ թվում՝ Ադրբեջանի, պետք է ունենա հստակ սահմանագծված ու սահմանազատված սահման, որը պետք է ամփոփի 29.743 կմ քառակուսի ունեցող ՀՀ: Սա շատ ծանր տարան մարդիկ, նաև նշածս ուժային կենտրոններում, որովհետև խոսքն այն մասին է, որ եթե Հայաստանը կոնկրետանում է, կա կոնկրետ սահմաններով Հայաստանի Հանրապետություն, որ եթե կա ՀՀ, որը փայլուն հարաբերություններ ունի ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ, որը ՄԱԿ-ի լիիրավ անդամ է և չի խախտում կանոնադրությունը, այդ Հայաստանի վրա դժվար է հարձակվելը, շատ ավելի դժվար է Հայաստանը գորշ գոտի դարձնելը և կուլ տալը: Որովհետև այս ամբողջ պատմությունը, սիրելի քաղաքացիներ, ոչ թե Շուշին, Հադրութը, ԼՂ-ն կուլ տալու, այլ Հայաստանը կուլ տալու մասին է: Ամբողջ ժամանակ եղել է ոչ թե ԼՂ հարց, այլ Հայաստանի հարց»,- նշեց Վահագն Ալեքսանյանը:

Նրա խոսքով՝ պատահական չէ, որ այս պահին Հայաստանում ընթացող երթի առաջնորդի մի կողմում կանգնած է Հայաստանը Միութենական պետության կազմում մտցնել փորձողի ներկայացուցիչը, մյուս կողմում՝ «Զանգեզուրի միջանցք» տալ բաղձողի ներկայացուցիչը:

«Հազար ներողություն, սիրելի՛ ներկաներ, ստիպված եմ փաստել, որ հերթական ռուսական շարժումը Հայաստանում կրկին դատապարտված է ձախողման մի պարզ պատճառով՝ որ ՀՀ քաղաքացին չի կարող ցանկանալ գնալ մարդկանց հետևից, որոնք չունեն մի պարզ հարցի պատասխան՝ քանի քառակուսի կիլոմետր է Հայաստանի Հանրապետությունը: Դուք դրա համար եք պայքարում, որ Հայաստանը գոյություն չունենք։ Կարևոր փաստ էլ կա, որ օտար ուժերի թելադրմամբ Հայաստանում երբեք իշխանափոխություն տեղի չի ունենալու: Հայաստանի Հանրապետության անկախությունը հավերժ է, և ՀՀ-ն հավերժ է»,- եզրափակեց պատգամավորը:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031