Ալիևի հետ զրույցում Բլինքենն ընդգծել է սահմանազատման կարևորությունը` Երևանի ու Բաքվի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում բարձր է գնահատել Ալիևի անցած շաբաթվա հայտարարությունը, ըստ որի՝ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են ընդունել 1991 թ. Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք, և ընդգծել է դրա կարևորությունը երկու կողմի համար՝ կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը:

«ԱՄՆ պետքարտուղարն Ադրբեջանի նախագահին կոչ է արել պահպանել դինամիկան իր հայ գործընկերոջ հետ՝ վերահաստատելով այդ ջանքերին աջակցելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը», — նշված է Պետդեպի հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ-ի պատրաստաստակամությունը՝ խորացնելու Ադրբեջանի հետ հարաբերությունները էներգետիկայի, կլիմայի և հաղորդակցությունների ոլորտներում։

Նա նաև հերթական անգամ կոչ է արել Ադրբեջանին պահպանել մարդու իրավունքների միջազգային պարտավորությունները և ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին։

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունն իր հերթին հայտնել է, որ Բլինքենի հետ զրույցում Ալիևը հայտնել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին՝ դրական քայլ անվանելով այն։

Նշվում է նաև, որ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղի է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Էնթոնի Բլինքենի հետ:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031