Հայաստանում կա մեկ կառավարություն, և մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն անգամ պետք է արժանանա ամենախիստ արձագանքին․ Արթուր Հովհաննիսյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԼՂ լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում գործում է վտարանդի կառավարություն:

«Եվ կրկին հնչում են տարօրինակ հայտարարություններ ինչ-որ վտարանդի կառավարության մասին: Եվ հատկանշականն այն է, որ դրանք հնչեցնում է ԼՂ լուծարման փաստաթուղթը ստորագրած, այդ ընթացքում ԼՂ-ում ՀՀ ԶՈՒ գտնվելու մասին Հայաստանի հասցեին կեղծ մեղադրանք ներկայացրած անձ։

Այս հայտարարությունների գլխավոր խնդիրը ոչ թե հենց կառավարությունն է ինքնին և առավել ևս պաշտոնյաները, այլ վերաբերմունքը և հարգանքը մեր պետության, մեր անկախության, մեր ժողովրդի ընտրության նկատմամբ։

Իսկ եթե զուգահեռենք այս հայտարարությունները արտաքին ուժերի կողմից Հայաստանի անկախության դեմ արվող գործողությունների հետ, ապա ակնհայտ է, որ գործ ունենք փոխանցումներով խաղի հետ, որտեղ դեռևս հայտնի ուժերը միայն ինքնագոլեր են գրանցում։ Այս անգամ, սակայն, մարզիչները, կարծես, դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որն արդեն առանձնացել է իր մարզիչներին տպավորելու՝ մեզ համար դառը փորձով՝ մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարելով Լեռնային Ղարաբաղը։

Հաշվի առնելով այս ամենը՝ Շահրամանյան Սամվելն արդեն, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք, ինչն առնվազն պետք է գրաված լիներ համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը։

Հայաստանում կա մեկ կառավարություն, կա մեկ իշխանություն, և մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն անգամ պետք է արժանանա ամենախիստ արձագանքին»,- գրել է Հովհաննիսյանը։

Հարցին Կառավարության նիստի ժամանակ անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ ՀՀ-ում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում: Ուզում եմ, որ այս ուղերձը շատ հստակ արձանագրենք, և անհրաժեշտության դեպքում պետք է արվեն համապատասխան քայլեր, նաև ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որպեսզի արտաքին ուժերը որոշ շրջանակների՝ ՀՀ անվտանգության համար սպառնալիք ստեղծելու համար չօգտագործեն»,- շեշտել էր նա:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031