Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Հայաստանի կառավարությունը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային:

Այս մասին որոշումը ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում։

Ըստ ՀՀ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանի՝ Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված շուրջ 1,5 միլիոն մարդու սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով ՀՀ կառավարության կողմից կտրամադրվի մթերք և դեղորայք՝ ապահովելով մարդկանց առաջնային կարիքները։

Կառավարության պահուստային ֆոնդից այդ նպատակով 19 մլն դրամ կհատկացվի հումանիտար բեռի համար։ Տեղափոխությունը Հայաստանից Եգիպտոս կկատարվի ՀՀ պաշտպանության նախարարության կողմից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ հումանիտար աջակցության մասին ինքը հայտարարել է Եգիպտոս այցի ժամանակ. «Այնտեղ լոգիստիկայի հետ կապված հարցեր կային, և մենք այս հումանիտար աջակցությունը հենց Գազայի բնակչությանը հասցնելու հարցում նաև Եգիպտոսի կառավարության աջակցության կարիքն ունենք, և այցի ընթացքում այդ պայմանավորվածությունը ձեռք բերեցինք, որովհետև իրադրության պատճառով չենք կարող բեռը հասցնել ուղիղ՝ հենց Գազայի գոտի և հենց շահառուներին»։

Փոխնախարար Արփինե Սարգսյանն էլ նկատեց՝ Եգիպտոսի կառավարության հետ բոլոր պայմանավորվածություններն արդեն ձեռք են բերվել, բեռը կուղարկվի այնտեղ, և Եգիպտոսից կօժանդակեն, որ այն հասցվի Գազայի բնակչությանը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031