Ուրուգվայում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Օմար Պագանինիի մասնակցությամբ կայացել է Ուրուգվայում ՀՀ դեսպանության բացման պաշտոնական արարողությունը: Այս մասին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

ՀՀ ԱԳ նախարարի կողմից բարձրացվել է ՀՀ դրոշը, որից հետո հնչել են Հայաստանի և Ուրուգվայի պետական օրհներգերը:

Միջոցառմանը մասնակցել են մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Ուրուգվայի ժամանակավոր փոխնախագահ, Գլխավոր Ասամբլեայի և Սենատորների Պալատի նախագահի պաշտոնակատար Գրասիելա Բիանչի Պոլին, Ուրուգվայի ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերան, Մոնտեվիդեոյում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հասարակական-քաղաքական գործիչներ։

Նախարար Միրզոյանն իր խոսքում նշել է.

«Մեծարգո՛ պարոն նախարար,

մեծարգո՛ տիկին փոխնախագահ,

հարգելի՛ հյուրեր,

տիկնայք և պարոնայք,

ինձ համար մեծ երջանկություն և մեծ պատիվ է ողջունել ձեզ այսօր Ուրուգվայում՝ Մոնտեվիդեոյում՝ արդեն պաշտոնապես Հայաստանի Հանրապետության այս փոքրիկ տարածքում։ Ինձ համար կրկնակի և եռակի մեծ պատիվ և երջանկություն է բարձրացնել իմ երկրի՝ Հայաստանի Հանրապետության դրոշը և, ըստ էության, պաշտոնական մեկնարկ տալ Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ դեսպանության բացմանը։

Գոհունակությամբ պետք է խոստովանել, որ 1992 թվականից ի վեր, երբ մեր երկու երկրները հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ, մեզ հաջողվել է ջերմ, բարեկամական, գործընկերային հարաբերություններ հաստատել և շատ բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն կառուցել։

Միևնույն ժամանակ, պետք է նկատել, որ երկու երկրների ղեկավարության շրջանակներում կա հստակ ըմբռնում, որ ժամանակն է այդ հարաբերությունները, այդ գործընկերությունն է՛լ ավելի խորացնել, դրանց հիման վրա կառուցել տնտեսական հարաբերություններ, մշակութային կապեր, խթանել մարդկանց միջև կապերը, և սրա համար էր, որ պակասում էր մի կարևորագույն օղակ` երկու մայրաքաղաքներում համապատասխանաբար երկու երկրների ռեզիդենտ դեսպանությունները։

Եվ այսօր արդեն հպարտությամբ կարող ենք նկատել, որ այդ բացը լրացված է։ Երևանում գործում է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ռեզիդենտ դեսպանությունը և ծածանվում է Ուրուգվայի դրոշը, և Մոնտեվիդեոյում գործում է Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ դեսպանությունը և ծածանվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը։

Ուզում եմ նաև նշել, որ մեր երկու երկրների միջև հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների միջև երկարամյա պատմական ջերմ հարաբերությունների վրա։ Ավելի քան հարյուր տարի առաջ Ուրուգվայն ապաստան տվեց Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայերին և դարձավ տուն այդ հայերի համար, ինչի համար մենք իսկապես մեր երախտիքն ենք հայտնում։ Միևնույն ժամանակ, մենք տեսնում ենք, որ հայերը և նրանց սերունդները կարողացել են ունենալ զարգանալու բոլոր հնարավորությունները և այժմ Ուրուգվայի հասարակության կարևոր, լոյալ և բարգավաճ հատվածն են ներկայացնում։

Եվ հիմա ես ուզում եմ նաև իմ ողջույնը փոխանցել Ուրուգվայում հայ համայնքին և իմ շնորհակալությունը հայտնել նաև նրանց՝ երկու պետությունների միջև կամուրջ լինելու համար։ Եվ նաև դրա շատ առարկայական վկայության համար. այս դեսպանությունը ևս Ուրուգվայում հայ համայնքի պահանջով և ջանքերով է կյանքի կոչվել։

Գիտեք, որ Հայաստանը նաև բարդ շրջանների միջով է անցել հարյուր տարի առաջ և այսօր նույնպես։ Եվ ես ուզում եմ օգտվել այս լավ առիթից և կրկին հայ ժողովրդի երախտիքի խոսքը փոխանցել Ուրուգվայի ժողովրդին, Ուրուգվայի Արևելյան Հանրապետությանը բոլոր բարդ փուլերում մեր կողքին լինելու համար։

Մենք այսօր այստեղ ենք շատ լավ առիթի համար, և շնորհակալ եմ, որ միացել եք մեզ կիսելու այս ուրախությունը։ Շնորհավորում եմ բոլորիս։ Շնորհակալ եմ»։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930