Կառավարությունը հոկտեմբերի 15-ի նիստում «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի վերաբերյալ ճանաչեց գերակա հանրային շահ։ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատերը կալանավորված «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանն է։
Հիմնավորման մեջ նշվում է.
«Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից լիցենզիայից զրկելը ցույց տվեց, որ պետությունը հնարավոր խախտումները գնահատել է որպես հարյուր հազարավոր բաժանորդների շահերին վնաս հասցնելու ունակ։ Գերակա հանրային շահի սկզբունքը պետությանը թույլ է տալիս միջամտել, երբ վտանգված է անխափան ու անվտանգ ծառայություններ ստանալու քաղաքացիների իրավունքը, որոնց գործունեությունից կախված են նորմալ կենսապահովումը, արդյունաբերությունը, պետական կառույցները, տրանսպորտային և հաղորդակցության համակարգերը։
Եթե պետական մարմինը հիմնավորում է, որ էլեկտրաէներգիայի բաշխման ոլորտում առկա խնդիրները սպառնում են հանրային շահերին, ապա միջամտությունը կարող է համարվել օրինական։
Սահմանադրության համաձայն՝ սեփականության իրավունքը բացարձակ չէ և կարող է սահմանափակվել գերակա հանրային շահի ապահովման նպատակով՝ համաչափության, օրինականության և անհրաժեշտության սկզբունքների պահպանմամբ։ Սույն պարագայում գերակա հանրային շահն արտահայտվում է հանրապետության բնակչությանը կենսական նշանակություն ունեցող ծառայությունների անխափան մատուցման, էներգետիկ անվտանգության պահպանման և հասարակական կարգի պաշտպանության անհրաժեշտությամբ։
Ուստի, հաշվի առնելով ընկերության ծավալած գործունեության բացառիկ կարևորությունը, դրա ազդեցությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտների վրա, ինչպես նաև ոլորտի բնական մենաշնորհային բնույթը՝ առկա են բավարար հիմքեր դրա գործունեությունը գերակա հանրային շահ ճանաչելու համար։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերի նկատմամբ գերակա հանրային շահ ճանաչելը պայմանավորված է պետության և հասարակության անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ»։






































